«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների գույքն ու եկամուտները․ FIP.am

Հանրապետական և «Հայրենիք» կուսակցություններից կազմված «Պատիվ ունեմ» դաշինքը 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 7 պատգամավորներով։

 Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնեական պարտավորությունները ստանձնելուն հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկություններ։

«Փաստերի ստուգման հարթակը», շարունակելով պատգամավորների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի շարքը, այս անգամ ուսումնասիրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը։

Պատգամավոր Աննա Մկրտչյանի գույքն ու եկամուտները

Աննա Մկրտչյանը համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատել է ԱԺ իրավաբանական վարչության օրենսդրական փորձաքննության բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ, եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, իսկ վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով ընտրվեց որպես պատգամավոր։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Մկրտչյանն ունի 5 հողամաս, որոնցից 4-ը գտնվում են Կոտայքի մարզի Քասախ գյուղում, մեկը՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ Հողամասերից 2-ը Մկրտչյանը գնել է 2020-ին, 3-ը՝ 2021-ին։ Համատեղ սեփականության իրավունքով Աննա Մկրտչյանին է պատկանում նաև Քասախում գտնվող անշարժ գույքը, որը դեռևս չի ստացել պետական գրանցում։ Աննա Մկրտչյանը հայտարարագրել է նաև KIA մակնիշի մեքենա, որը նա դարձյալ գնել է 2021-ին։ Պատգամավորը հայտարարագրել է նաև 2 միլիոն դրամ, 6 հազար դոլար, 3 հազար եվրո կանխիկ գումար։ Եկամուտների վերաբերյալ տեղեկություններ չկան։

Աննա Մկրտչյան

«Պատիվ ունեմ» դաշինք

Անշարժ և շարժական գույքը

անշարժ գույք, որը դեռևս չի ստացել պետական գրանցում

5 հողամաս, չորսը՝ Քասախում գյուղում, մեկը՝ Դավիթաշեն վարչական շրջանում

մեքենա,  KIA մակնիշի

Կանխիկ դրամական միջոցները

2 միլիոն դրամ

6 հազար դոլար

3 հազար եվրո

Պատգամավոր Արթուր Վանեցյանի գույքն ու եկամուտները

Արթուր Վանեցյանը նախկինում զբաղեցրել է ԱԱԾ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետի պաշտոնը, եղել է Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալը, իսկ ավելի ուշ զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։

Վանեցյանը, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Վերջինս հայտարարագրել է նաև անշարժ գույք Երևանի Կենտրոնում, որը դեռևս չի ստացել պետական գրանցում։ Արթուր Վանեցյանն ունի նաև 2020 թվականի արտադրության Range Rover մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորի դրամական միջոցները կազմել են 7 միլիոն 22 հազար դրամ։ Բացի այս, Արթուր Վանեցյանն հայտարարագրել է 10 միլիոն դրամ և 25 հազար դոլար կանխիկ գումար։ Նշենք, որ պատգամավորը տարեսկզբից մինչև պատգամավոր ընտրվելը ԱԱԾ-ից 2 միլիոն 221 հազար դրամի կենսաթոշակ է ստացել։ Հայտարարագրից տեղեկանում ենք, որ պատգամավորը 7 հազար դոլար վարկ է վերցրել և ևս 31 հազար դոլար վարկ՝ բնակարան ձեռք բերելու համար։

Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինք

Անշարժ և շարժական գույքը

բնակարան, Երևան, Արաբկիր վարչական շրջան, համատեղ սեփականություն

անշարժ գույք, Երևան, Կենտրոն վարչական շրջան, գույքը դեռևս չի ստացել պետական գրանցում

մեքենա, Range Rover մակնիշի

Կանխիկ դրամական միջոցները

10 միլիոն դրամ

25 հազար դոլար

Դրամական միջոցներն ու եկամուտները

7 միլիոն 22 հազար դրամ

2 միլիոն 221 հազար դրամ, կենսաթոշակ, ԱԱԾ

Պատգամավոր Տարոն Մարգարյանի գույքն ու եկամուտները

Տարոն Մարգարյանն աշխատել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման առաջատար մասնագետ, Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար, Երևանի քաղաքապետ։

Տարոն Մարգարյանը, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է հասարակական նշանակության շինություն Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Նա նաև հայտարարագրել է անշարժ գույք Երևանի Ավան վարչական շրջանում, սակայն գույքը դեռևս չի ստացել պետական գրանցում։ Տարոն Մարգարյանը 2007-ին գնել է նույն թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։ Նախկին քաղաքապետի դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 311 հազար ռուբլի, 34 հազար դոլար, 9900 եվրո։ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է նաև 97 միլիոն դրամ, 15 հազար դոլար, 40 հազար եվրո կանխիկ գումար։ 

Տարոն Մարգարյան

«Պատիվ ունեմ» դաշինք

Անշարժ և շարժական գույքը

հասարակական նշանակության շինություն, Վայոց ձորի մարզ, քաղաք Ջերմուկ

անշարժ գույք, որը դեռևս չի ստացել պետական գրանցում

մեքենա, Mercedes Benz մակնիշի

Դրամական միջոցները

1 միլիոն 311 հազար ռուբլի

34 հազար դոլար

հազար 900 եվրո

Կանխիկ դրամական միջոցները

97 միլիոն դրամ

15 հազար դոլար

40 հազար եվրո

Տարոն Մարգարյանը 50% բաժնեմաս ունի նաև ներքաղաքային բեռնափոխադրումներով զբաղվող «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերին։

Փաստերի ստուգման հարթակ