«Մենք դժվարին խնդիրներ ենք ժառանգել նախորդներից՝ կիսաքանդ, քաղաքական նպատակներին ստորադասված կրթական համակարգ»․ Արայիկ Հարությունյան

ՄԱԿ-ի կողմից հռչակված Կրթության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի խոսքը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի՛ գործընկերներ,

Այսօր առաջին անգամ նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Կրթության միջազգային օրը։ Այսուհետ այդ օրը մեզ համար կարևոր առիթ է դառնալու վերահաստատելու մեր այն համոզումը, որ կրթությունը՝ իբրև համընդհանուր իրավունք, հասարակական բարիք և պետության պարտավորություն, մեր երկրի զարգացման կարևորագույն հենասյուներից է։

Մենք դժվարին խնդիրներ ենք ժառանգել նախորդներից՝ կիսաքանդ, քաղաքական նպատակներին ստորադասված կրթական համակարգ, որի հիմնովին բարենորոգմանն ուղղված նոր կառավարության և Կրթության և գիտության նախարարության նոր ղեկավարության վերջին ամիսների քայլերն արդեն իսկ տալիս են և մոտ ապագայում տալու են կոնկրետ արդյունքներ:

Այդ արդյունքներին հասնելը, սակայն, հնարավոր չէ առանց կրթության բոլոր շահակիցների՝ ուսուցիչների, աշակերտների, ծնողների, ուսանողների, դասախոսների, նախարարության ներկայացուցիչների ուժերի և կարողությունների մեկտեղման, ստեղծագործական նվիրումի և հանրային լայն աջակցության՝ հանուն մատչելի, հասանելի, որակյալ և կայուն զարգացող կրթական համակարգ ունենալու։

Շնորհավորում եմ բոլորիս։ Թող Կրթության միջազգային տոնն այսուհետ ամենամյա յուրովի բնագիծ դառնա՝ չափելու և գնահատելու մեր առաջընթացն այդ բնագավառում»։