Ռուսաստանը Հայաստանի երիտասարդներին կտրամադրի միկրոդրամաշնորհներ

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն հաջորդ տարվանից նախատեսում է իրականացնել միկրոդրամաշնորհային ծրագիր Մերձավոր արտերկրի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար. մասնակիցները կկարողանան ստանալ 300-ից մինչև 1000 դոլար՝ մի շարք ոլորտներում նախագծերի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնից (Ռուսական տուն), այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը «Նոր սերունդ 2021» հոբելյանական ֆորումին առցանց միացման ժամանակ:

Ֆորումը դեկտեմբերի 13-14-ն անցկացնում է «Ռուսական տուն»-ը։

Պոլիկանովը ներկայացրել է ծրագրի իրականացման 10-ամյա արդյունքները և նշել, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի միկրոդրամաշնորհները կնպաստեն համատեղ աշխատանքի դաշտ ձևավորելուն։ 

«Խոսքն այն է, որ այդքան քիչ գումարով ինչ-որ նախագիծ գործարկենք կամ միջոցառում կազմակերպենք: Թեմայի առումով դրանք պետք է կապված լինեն Ռուսաստանի հետ, որպեսզի նախագիծը փոխշահավետ լինի»,- ասել է Դմիտրի Պոլիկանովը։ 

«Ռոսսոտրուդնիչեստվո»,-ի ղեկավարի տեղակալը նաև նշել է սոցիալական ցանցերում փոխգործակցության կարևորությունը։