Հավատում եմ՝ ստեղծելու ենք իրապես ուժեղ, ազդեցիկ ու արդար Հայաստան․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի ուղերձը․

«Սիրելի՛ բարեկամներ

Անցնող տարին շատ լավ հնարավորություն էր ներազգային հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու և ընկած տեղից ոտքի կանգնելու համար։ 2020թ․ ձախողումները, Արցախի տանուլ տված պատերազմը, հայրենիքի կորսված տարածքները, հազարավոր հայորդիների զոհվելը, ըստ էության, ծնկի էին բերել մեր երկիրը։

Մենք կարող էինք իրական ԲԵԿՈՒՄ մտցնել մեր հանրային կյանքում՝ խորը համոզմունքով, որ վերջնականապես ջարդվելու իրավունք չունենք։Թեև խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո շատերի կողմից հետընտրական ակտիվության բացակայության ֆոնի վրա ընդգծվեց, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, այդուհանդերձ, բոլորի համար էլ պարզ է, որ ներկայումս գտնվում ենք խարխուլ կայունության մթնոլորտում։

Մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին օրակարգերի բարդությունը, դրանց լուծման վերաբերյալ քաղաքական դաշում ազդեցություն ունեցող ուժերի արմատական տարբերությունները թույլ են տալիս արձանագրելու, որ ցանկացած պահի մեր երկիրը կարող է ներքաշվել քաղաքական կատակլիզմների հորձանուտ։

Պետական կառավարման համակարգի անարդյունավետությունը, ռազմավարական մտածողության բացակայությունը, աշխարհաքաղաքական զարգացումների ոչ ճիշտ վերլուծությունն ու սթափ գնահատումը, պետության և հայ ժողովրդի ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը, սեփական հնարավորություններից դուրս նպատակների արձանագրումն ու դրանց ամբողջական տապալումը, ինչպես նաև սեփական պատմությունից դասեր չքաղելու աններելի իրողությունն էլ ավելի է բարդացնում լուծման ենթակա հարցերի ճիշտ թիրախավորումն ու դրանց արդյուանվետ լուծման գործընթացը։

Այդուհանդերձ, բոլորս պետք է գիտակցենք, որ 2022թ․ պետք է դարձնենք հաջողության տարի, որի հիմքում նպատակին հասնելու վճռականությունն է ու կամքը։Մենք պետք է բարելավենք մեր երկրի տնտեսական վիճակը, նպաստենք ժողովրդագրության բացասական միտումների չեզոքացմանը, խրախուսենք ներգաղթն ու իրական պայմաններ ստեղծենք արտագաղթի ահագնացող տեմպերը նվազեցնելու ուղղությամբ։Մենք պետք է վերականգնենք մեր միջազգային վարկը, իրապես փոխենք մեր պետության շուրջ ձևավորված անորոշության մթնոլորտը, հույս ու լավատեսություն հաղորդենք բոլոր նրանց մոտ, ովքեր ուզում են ապրել ու ստեղծել Հայաստանում, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը դարձնել ավելի լավը:

Մենք Հայաստանը պատկերացնում ենք հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր՝ հիմնված միջին խավի, արդար հասարակության և իրապես ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ հայեցակարգի վրա։

Եկե՛ք 2022թ. միասին դարձնենք մեր կորսված նպատակների ու երազանքների վերածննդի տարին, մեր հաջողության մեկնարկի տարին, մեր պետության խաթարված արժանապատվության վերականգնման տարին, մեզանից յուրաքանչյուրի ոգեղենության վերականգնման տարին:Իմ և իմ ընտանիքի անունից Ձեզանից յուրաքանչյուրի ընտանիքներում սեր ու համերաշխություն եմ մաղթում, թող 2022թ. լինի խաղաղության և իրական զարգացման տարի»: