Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ․ ԱՀ ոստիկանություն

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում։

Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:

Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ։