«Այսքանից հետո ինչու՞ է Սերժ Սարգսյանը շարունակում մնալ որպես վկա». փաստաբան

«Այսքանից հետո ինչու՞ է Սերժ Սարգսյանը շարունակում մնալ որպես վկա». փաստաբան
«Այսքանից հետո ինչու՞ է Սերժ Սարգսյանը շարունակում մնալ որպես վկա». փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

««Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում ընթերցեցի Սերժ Սարգսյանի ցուցմունքը մարտի 1-ի գործով, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ 2008թ. մարտի 1-ի կեսօրին Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցել է Սերժ Սարգսյանի հետ արտակարգ դրություն հայտարարելու մտադրության և այդ ընթացքում զինված ուժերի օգտագործման մասին, որին Սերժ Սարգսյանը դրական դիրքորոշում է հայտնել: 

Նույն ցուցմունքից պարզ է դառնում, որ քննությամբ տվյալներ են ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. փետրվարի 23-ին նախագահական նստավայրում բարձրագույն սպայակազմի հետ ունեցած հանդիպման ընթացքում բառացի հրահանգել է, որ ՛՛ժամը 00-ից հայտարարում եմ արտակարգ դրություն:

Միաժամանակ պարզ է դառնում, որ ՀՀ ԶՈւ բոլոր կորպուսներից, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից համահավաք գումարտակներ են բերվել և տեղակայվել Երևանում և մերձակա բնակավայրերում տեղակայված զորամասերում, որոնց այցելել է ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանը և ծանոթացել նրանց պարապմունքներին:

Ավելի՛ն, պարզ է դառնում, որ 2008թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 1-ի առավոտյան ՀՀ կառավարության շենքը, որտեղ գտնվել է Սերժ Սարգսյանը, շրջապատված է եղել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից: Ավելի՛ն, պարզվել է, որ Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողները փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը տեղակայվել են ՀՀ կառավարության նկուղում, իսկ Արցախի ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը հենակետեր է ընտրել կառավարության շենքում և իրականացրել հարակից տարածքների դիտարկում:

Ավելի՛ն, տրված ցուցմունքից պարզ է դառնում, որ 2008թ. մարտի 1-ի կեսօրից հետո և հաջորդ մի քանի օրերին ՀՀ ՊՆ հույժ գաղտնի 0038 հրամանով ստեղծված Երևանի կայազորի վարչակազմի ղեկավար Յուրի Խաչատուրովն իր տրամադրության տակ եղած զինվորական վարչակազմի գործունեությունն իրականացրել է ՀՀ կառավարության շենքի 2-րդ հարկում՝

Սերժ Սարգսյանի աշխատասենյակին հարակից տարածքում: 

Իսկ Սերժ Սարգյսյանն էլ մարտի 1-ի երեկոյան, ըստ իրեն, մտել է այդ զինվորականների զբաղեցրած սենյակն ու ասել, որ եթե ցուցարարները գան կառավարության շենք, ինքը դուրս է գալու և պաշտպանելու է շենքը, և հարց է հղել նրանց, թե արդյո՞ք նրանք իր հետ են, թե՞ ոչ, և բոլորը միաձայն դրական պատասխան են տվել:

Փաստորեն վերը նշված ցուցմունքից պարզվում է, որ ՀՀ կառավարության շենքը 2008թ. մարտի 1-ին և դրան հաջորդած մի քանի օրերին հանդիսացել է, ըստ էության, հրամանատարական կետ, և այդ հրամանատարական կետը տառացիորեն տեղակայված է եղել Սերժ Սարգսյանի աշխատասենյակի հարևան սենյակում:

Այնպիսի տպավորություն է, որ ռազմական խունտան իրականացրել է ռազմական հեղաշրջում՝ պետության մայրաքաղաքի փողոցները լվանալով սեփական ժողովրդի արյամբ…
Հարց է առաջանում, եթե քննությամբ ձեռք բերված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա ո՞ր տրամաբանությամբ է Սերժ Սարգսյանը շարունակում պահպանել վկայի կարգավիճակը»: