Արդյո՞ք ռազմական կատարյալ գերազանցությունը բավարար է լիարժեք և վերջնական հաղթանակի համար․ քաղաքագետ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արդյո՞ք ռազմական կատարյալ գերազանցությունը բավարար է լիարժեք և վերջնական հաղթանակի համար։

21-րդ դարի գեոքաղաքական առանձնահատկությունը, նախորդ դարի համեմատ, նույնիսկ հակամարտ շահերի դեպքում, պետությունների բազմամակարդակ փոխինտեգրվածությունն է համաշխարհային տնտեսությանը, ֆինանսական աշխարհին, առաջատար տեխնոլոգիաներին և այլն։ Այդ փոխինտեգրվածությունն իրականում ավելի է խորացրել և մեծացրել փոխադարձ կախվածությունը պետությունների միջև (ուզես, թե չուզես)` ստեղծելով ընդհանուր խաղի կանոններ` որպես գլոբալ համակարգ, որի դեմ գործելն ամբողջ համակարգին կարող է հանել քո դեմ` “կոշտ ուժին” հակադրելով “խելացի ուժը”։

Պետության ներուժը չափվում է մարդկային, ռազմական, տնտեսական, ֆինանսական, տեխնոլոգիական, միջազգային հուսալի կապերի և բազմաթիվ այլ բաղադրիչներով։ Սակայն երբ նախապատվություն ես տալիս դրանցից միայն մեկին և հաղթանակի խաղադրույքը դնում ես հենց դրա վրա` ի վնաս մյուսների, ապա այդ դեպքում ժամանակը սկսում է աշխատել ոչ թե հօգուտ, այլ ի վնաս քեզ։

Սա նշանակում է, որ միջնաժամկետ հեռանկարում առավելություններ և հաջողություններ կարող ես արձանագրել և ոգևորվելով դրանցից` շարժվել առաջ։ Բայց և գործընթացի վերջնարդյունքում կարող ես ինքդ քեզ համար պարզել` “Թվում էր, թե հաղթեցիր, սակայն պարզվում է` պարտվեցիր”»։