Հետաքրքիր է` ինչի՞ վրա եք հրճվում. որ այդ սանկցիաները հարվածելու են նաև Հայաստանի տնտեսությա՞նը.Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեսնում եմ, թե ինչպես են որոշ հայ օգտատերեր (այդ թվում այսպես կոչված քաղաքագետներ, փորձագետներ) հրճվում ՌԴ դեմ կիրառված սանկցիաներով կամ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով:

Հետաքրքիր է` ինչի՞ վրա եք հրճվում. որ այդ սանկցիաները հարվածելու են նաև Հայաստանի տնտեսությա՞նը, թե՞ ՌԴ-ում հազարավոր աշխատող ու Հայաստան փող ուղարկող մարդկանց եկամուտների կրճատման կամ կորուստի վրա:

Թե՞ Ուկրաինայում բնակվող հազարավոր հայերի տուն ու տեղը, բիզնեսը կորցնելու և փախստական դառնալու վրա, թե՞ երկու կողմերում եղած զոհերի և խեղված մարդկային ճակատագրերի համար եք հրճվում, իսկ միգուցե այն բանի համար, որ այլևս աշխարհն առաջվանը չի լինելու ու Հայաստանի համար էլ ավելի բարդ է լինելու:

Մոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտանգությունն այս պահին ապահովում: Վերջապես տգիտությունը սահմաններ պետք է ունենա՞, թե՞ այն անսահման է…Պատերազմում փլավ չեն բաժանում, տուժելու են բոլորը և հետևաբար, աղոթեք, որ ամեն բան արագ ավարտվի և կողմերն իրար հետ խաղաղ լեզու գտնեն »: