Քաջարանում բանկոմատներից կատարված գողության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել են 4 անձինք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այսօր Քաջարան քաղաքի Խանջյան փողոցում տեղի ունեցած գողության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ:


Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 30-ին, ժամը 04:40-ի սահմաններում, մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, զինված, ապօրինի մուտք են գործել հիշյալ փողոցում գտնվող շինություն և փորձել գողություն կատարել այնտեղ տեղակայված բանկոմատից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ահազանգի հիման վրա դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնց տեսնելով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանձից մեկն ինքնաձիգից կրակոց է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ:


Դեպքի վայրում հայտնաբերվել են խմբի կողմից շինություն ապօրինի մուտք գործելու համար կիրառված տարբեր տեսակի տեխնիկական միջոցներ՝ աշխատանքային գործիքներ, եռակցման սարքեր, ինչպես նաև ինքնաձիգի կրակված գնդակ, պարկուճ և այլ պարագաներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սյունիքի մարզի 3 բնակիչներ:

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ ձերբակալված անձանցից 2-ը, Քաջարան քաղաքի մեկ այլ բնակչի հետ 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում տեղադրված բանկոմատից փորձել են հափշտակություն կատարել, որի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը միացնելու և համատեղ նախաքննություն իրականացնելու վերաբերյալ:
Քրեական գործով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Վարույթ իրականացնող մարմնին է ներկայացվել «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգը, ինչպես նաև՝ «ՌԳԴ» տեսակի նռնակ: Հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին: