Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը անդրադառնալով «Անտարես» հրատարակչության ղեկավար նկատմամբ երեկ ցուցարարների կողմից իրականացված բռնության դեպքին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ցուցարարները հարձակվել են «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի վրա։ Պատճառը՝ հարցազրույցում արտահայտած նրա տեսակետներն են։ Ցանկացած նորմալ հասարակությունում իր տեսակետը հայտնող մարդը պետք է պաշտպանված լինի։
Տեսակետի համար մարդուն թիրախավորելը և հարձակման ենթարկելը դատապարտելի է։ Դատապարտելի է խմբով մեկի վրա հարձակվելը։
Եթե այս դեպքը մնա անհետեւանք, ինչպես նախկինում են նման դեպքերը անհետևանք մնացել, եթե մեղավորները չպատժվեն, ապա այն շարունակելու է մեզանում մնալ որպես նորմ ու կիրառվել որպես ընդդիմախոսներին լռեցնելու ու ահաբեկելու ձև։ Բոլորովին նշանակություն չունի արդեն, թե վաղը կողմերից որն է լինելու թիրախ և որը՝ հարձակվող»։