Բրյուսելում կարևորել են ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնումն ու խորացումը

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնումն ու խորացումը։ Էվա Կոպաչը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման նպատակով ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները և աջակցություն հայտնել դրանց։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման վերաբերյալ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հանդիպումներ է անցկացրել նաև Անդրեյ Կովաչևի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Եվրոպական խորհրդարանի այլ պատգամավորների հետ։

Եվրապատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նրան է շնորհել ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալ՝ Հայաստանի ու Եվրամիության միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած զգալի ներդրման համար։