Սնկային թունավորմամբ Վանաձորում հոսպիտալացվել են մայր ու աղջիկ. Վանաձորի բժշկական կենտրոն

Medical drip in hospital corridor, concept of treatment

Սնկային թունավորում ախտորոշմամբ շտապ բուժօգնության մեքենայով նախօրեին «Վանաձորի բժշկական» կենտրոն են տեղափոխվել մայր ու աղջիկ:

Ինչպես տեղեկացնում է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունը, ընդունման պահին նրանց վիճակը գնահատվել է ծանր, անմիջապես տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Կատարվել են դեզինտոկսիկացիոն միջոցառումներ: Մոր ու աղջկա վիճակն այսօր արդեն գնահատվում է կայուն բավարար: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքի ավագ բժիշկ Արայիկ Փիլոյանը մեկ անգամ եւս կոչ է անում չհավաքել եւ չուտել անհայտ ծագման սունկ, իսկ ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, անմիջապես դիմել հիվանդանոց: