Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններում «հատուկ առաջընթաց չկա».Factor

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում հատուկ առաջընթաց չկա, գրում են տեղական լրատվամիջոցները։ «Չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում հատուկ առաջընթաց կա։

Այնուամենայնիվ, կան որոշակի մեսիջներ, գնում են քննարկումներ։ Մեկ տարի շարունակ չի եղել մեր խաղաղության կոչին պատասխան»,- հայտարարել է Բայրամովը։ Ադրբեջանցի պաշտոնյան, փաստացի, այս հարցում շարունակում է առաջ տանել ադրբեջանական կեղծ թեզերը։ Հայաստանը մշտապես է հանդես եկել խաղաղության օրակարգի օգտին, բացի այդ՝ Բաքվի ներկայացրած առաջարկներին Երևանը մի քանի օր անց պատասխանել է սեփական առաջարկներով։

Դրանք «չնկատելու է տալիս ադրբեջանական կողմը»՝ երբեմն հայտարարելով, որ Հայաստանը չի արձագանքել Բաքվի առաջարկներին, նաև նշում, որ բացառապես Ադրբեջանի պահանջները պիտի հաշվի առնվեն բանակցություններում։

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին՝ Բայրամովն ասել է, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի օրը դեռևս հայտնի չէ։

«Դելիմիտացիայի գործընթացը ժամանակ է պահանջում և հաշվի առնելով մեր հարաբերությունների պատմությունը՝ հեշտ չի լինելու։ Սակայն գործընթացի մեկնարկն արդեն իսկ լավ քայլ է»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Նա նշել է, որ «գործընթացը պետք է տեղի ունենա քաղաքակիրթ ու խաղաղ ձևով՝ միջազգային իրավունքի հիման վրա»։

Այս մասին տեղեկացնում է factor.am-ը: