Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակի կրճատման չիրականացված խոստումները

Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակի կրճատման չիրականացված խոստումները
Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակի կրճատման չիրականացված խոստումները

Երևանի քաղաքային իշխանությունները չեն պահպանել քաղաքապետարանի հաստիքացուցակի օպտիմալացման և կրճատման խոստումները, որոնք պետք է իրականացվեին դեռևս 2019-ի հունվարին։ Ավելին՝ նոր նախագծով հաստիքակազմը կավելանա։

2018 թ. նոյեմբերին Երևանի 2019 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ քաղաքային իշխանությունները, պատասխանելով քաղաքապետարանի ուռճացված հաստիքակազմի վերաբերյալ քննադատություններին, նշել էին, որ հաստիքացուցակի օպտիմալացման կամք առկա է, սակայն այն կիրականացվի դեկտեմբեր-հունվար ամիսներին։

«… Ինձ ասեք՝ ինչպես հասնենք որակավորում ունեցող 2000 հոգանոց անձնակազմի։ Մի խնդիր է, որ այդ անձնակազմը, այո, ուռճացված է, որի ուղղությամբ այսօր աշխատանքները սկսված են, և հույս ունեմ՝ մինչև դեկտեմբերի վերջ կամ հունվարի սկիզբ մենք կավարտենք օպտիմալացման համակարգի աշխատանքները և կհրամցնենք նոր հաստիքակազմ, նոր սկզբունքներով»,— դեկտեմբերի 18-ին տված հարցազրույցում հայտարարել էր (5:55- 6:15) Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։  

Fip.am-ը դեռևս ապրիլին հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյո՞ք իրականացվել է օպտիմալացումը, սակայն մայիսի 20-ի դրությամբ քաղաքապետարանից պատասխան չի ստացվել։ Մայիսի 21-ին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ այս պահին այդ հարցով տեղեկատվություն չեն կարող տրամադրել, և խնդրեցին սպասել ավագանու առաջիկա նիստին։   

«Ուռճացված» հաստիքացուցակի նոր նախագծի հետքերով

Երևանի ավագանու մայիսի 3-ի նիստին պետք է քննարկվեր Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի հաստիքացուցակի և դրույքաչափերի վերաբերյալ նոր նախագիծը։ Այս նախագծով նախատեսվում է քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացում, որը, սակայն, մեծ քննադատության արժանացավ անգամ ավագանու իշխող «Իմ քայլը» դաշինքի անդամների կողմից, և քաղաքապետ Հայկ Մարությանը այն հանեց օրակարգից։

Ավագանու մայիսի 3-ի նիստի օրակարգում տեղադրված նախագիծն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ դեռևս հունվարին խոստացված օպտիմալացումը քաղաքային իշխանությունները նախատեսում են անել այս նախագծով։

Ըստ այդ նախագծի, քաղաքապետարանում նախատեսում են իրականացվելկառուցվածքային որոշակի փոփոխություններ, մասնավորապես․

  • Երևանի քաղաքապետարանի համակարգում (քաղաքապետարան և ենթակա կազմակերպություններ) նախատեսվում  է 69.5 հաստիքային միավորի կրճատում
  • 38 միավոր վարորդներ, որոնք ներառված էին «Երևանտրանս» ՓԲԸ-ի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի հաստիքացուցակներում, կտեղափոխվեն Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակ։
  • 20 միավոր «Գերատեսչական շենքերի շահագործման և պահպանման» ՓԲԸ-ից կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակ և այլն։

Սակայն նախագծի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ օպտիմալացման արդյունքում քաղաքապետարանում հաստիքների քանակը ոչ թե նվազելու է, այլ ընդհակառակը՝ ավելանալու։   

Քաղաքապետարանի 2018 թ. հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշմամբ, Երևանի քաղաքապետարանում առկա է 1998 հաստիք։ Նոր նախագծով հաստիքների քանակը կկազմի 2129.5։ Փաստորեն՝ Երևանի քաղաքապետարանում հաստիքների քանակը կավելանա 131.5-ով։ Զգալի կաճի նաև աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերի ֆոնդը։ Եթե հոկտեմբերի 29-ի նախագծով ամսական աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կազմում է 436 մլն դրամ, ապա նոր նախագծով կկազմի՝ 591 մլն դրամ։ Տարեկան կտրվածքով աշխատավարձի ֆոնդը կավելանա մոտ 2 մլրդ դրամով։

Երևանի քաղաքային իշխանությունները, ըստ այդմ, չեն պահպանել օպտիմալացում իրականացնելու նախնական նշած ժամկետները։ Իսկ «ուռճացված» հաստիքացուցակը, եթե ընդունվի նոր նախագիծը, ոչ թե կկրճատվի, այլ կավելանա։

www.Fip.am