Միքայել Արզումանյանը կալանավորվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար:

Ըստ հաղորդագրության՝ իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։