Արման Սահակյանը պնդում է՝ ապօրինի գույք չունի և շուտով դատախազություն կներկայացնի հակառակն ապացուցող վերլուծություններ

Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով նախաքննական մարմնի թիրախում է:

Նա վերջերս հրավիրվել է դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին և ներկայացնելու իր դիրքորոշումը: Սահակյանը դատախազությանը պնդել է, որ չունի ապօրինի գույք:

«Արման Սահակյանի դիրքորոշումը պարզ է ու հստակ՝ նա որևէ ապօրինի ծագման գույքի ու ֆինանսական միջոցների չի տիրապետում»,- «Մեդիալաբին» ասում է Արման Սահակյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմին Խաչատրյանը:

Նշենք՝ Արման Սահակյանը 2011-2018 թվականներին զբաղեցրել է Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը: Փաստաբանի փոխանցմամբ՝ դատախազությունը կասկածում է ու ներկայացրել է վերլուծություն, որ Արման Սահակյանն ունի շուրջ 390 մլն դրամի ապօրինի գույք։

«Դատախազության կողմից տրամադրված են փաստաթղթեր, որոնցում կատարված է վերլուծություն: Մեր դիրքորոշմամբ՝ այդ վերլուծությունը շատ թերի է կատարված, բազմաթիվ տվյալներ կան, որ նրանք չեն տիրապետում, ինչի արդյունքում ստացել են ահռելի մեծ գումար՝ 390 մլն դրամ: Մեզ համար անհասկանալի է նաև կազմված աղյուսակը՝ ինչպես են ստացել այդ գումարը»,- ասում է փաստաբանը:

Արման Սահակյանն ու իր պաշտպանական խումբն ունեն 30-օրյա ժամկետ՝ ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու, դրանցում տեղ գտած տվյալների վերաբերյալ առարկություն ու դիրքորոշում հայտնելու համար: Արդեն ուսումնասիրել են ու այս պահին, փաստաբանի ներկայացմամբ, իրենք պատրաստում են վերլուծություններ մասնագետների օգնությամբ՝ անհրաժեշտ փաստաթղթերով հիմնավորելով, որ Արման Սահակյանի գույքն ապօրինի չէ:

«Հիմա չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, գաղտնի տվյալներ են, չէի ուզի հրապարակել: Բայց մենք պատրաստում ենք հակառակն ապացուցող վերլուծություններ ու ներկայացնենք դատախազությանը: Ես ավելի քան համոզված եմ, որ Արման Սահակյանը որևէ ապօրինի գույք կամ դրամական միջոց չի տիրապետել ու չի տիրապետում»,- ընդգծում է Էմին Խաչատրյանը:

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է դատախազությունը ներկայացրել 390 մլն դրամի ապօրինի գույքի գոյության մասին տվյալ, փաստաբանն արձագանքում է.

«Դե, չգիտեմ: Հաշվարկներ են արել, ինչ-որ համադրություններ են արել, տարբեր հանգամանքներ են վերլուծել, բայց դրանք չեն կարող ողջամիտ լինել, որովհետև դրանց հիմքում փաստական տվյալ դրված չէ»:

Էմին Խաչատրյաննն ասում է՝ ինքը չի կարող քրեական գործի վերաբերյալ որևէ քաղաքական գնահատական տալ, քանի որ իր ոլորտը իրավական տիրույթն է, սակայն ընդգծում է, որ իր վստահորդ Արման Սահակյանի դիրքորոշումը միանշանակ է՝ «քաղաքական հետապնդման դրսևորում է»:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազություն է հրավիրվել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, և որդին՝ Նարեկ Սարգսյանը: Նրանք երկուսն էլ, հիշեցնենք, իրենց հոր՝ Լևոն Սարգսյանի հետ միասին մեղադրվում են ապօրինի հարստանալու և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։

Անի Սարգսյանին վերջերս էր ուղարկվել ծանուցագիր, այսօր էլ եղբորն է դատախազության կողմից ծանուցագիր ուղարկվել: ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- նշված է դատախազության ուղարկած ծանուցագրում:

Փորձեցինք Սարգսյանների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանից պարզել՝ ինչ դիրքորոշում ունեն դատախազության դիրքորոշման և, ընդհանրապես, այս գործի վերաբերյալ, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով են անցնում մի շարք նախկին պաշտոնյաներ ու իրենց հարազատներ: Մասնավորապես՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, իր կնոջ, զոքանչի, դստեր, որդու, գնդապետ Սերոբ Հարությունյանի, իր որդու, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականության վերաբերյալ դատախազությունը կասկածներ ունի։

Այդ գույքերը դատախազության խնդրանքով դատարանը կալանքի տակ է վերցրել։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am