«Զինվորական տեխնիկան խոտանած տականք սպան միայնակ չի գործել»․Արծրուն Հովհաննիսյան

«Զինվորական տեխնիկան խոտանած տականք սպան միայնակ չի գործել»․Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է մամուլի այն հրապարակմանը, ըստ որի՝ իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ուշագրավ դեպք են հայտնաբերել։

Ժողովուրդ թերթի տեղեկություններով՝ ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ ՊԲ զորամասերից մեկի սպան 11 մարտական մեքենաների միջից բենզինը հանել է և դրա փոխարեն ջուր լցրել։

Ֆեյսբուքի իր էջում Արծրուն Հովհաննիսյանը գրել է․

«Չէի ուզենա այս թեմայով արձագանքել, սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ։ Իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ:

Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, և որոշում է կայացվել դրանք չշահագործել: