Համագործակցության և դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար

Համագործակցության և դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար
Համագործակցության և դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամերիկյան «Ինտերնյուս» կազմակերպության հետ սկսում է «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագիրը: Շարունակելով զարգացնել նոր սերնդի մեդիա գործիքների կիրառումը լրագրության ոլորտում, արձագանքելով նորարարական գաղափարներին և աջակցելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության:

Նպատակներ, գործընկերներ, անելիքներ

Ծրագրի նպատակներն են.
— անդրադառնալ հասարակական կարևոր խնդիրներին՝ օգտագործելով ժամանակակից լրագրության հնարավորությունները, թվային պատմությունները,
— ստեղծել մուլտիմեդիա պատմություններ նորարարական ձևաչափերի միջոցով,
— հետևել մասնագիտական էթիկայի և լրատվամիջոցի ազատության սկզբունքներին,
— ընդլայնել լսարանը,
— ընդլայնել գործընկերների շրջանակը:

Ծրագրի գործընկեր կարող են դառնալ մարզային և համապետական լրատվամիջոցներ, անկախ տեսակից (հեռուստատեսություն, ռադիո, առցանց), որոնք.
— ունեն ակտիվ առցանց ներկայություն, այս թվում՝ գործող կայք,
— ներգրավված են սոցցանցերում և այլ ինտերնետային հարթակներում,
— հետաքրքրված են սոցիալ-տնտեսական, քաղաքական, մարդու իրավունքների և մշակութային խնդիրների լուսաբանմամբ,
— պատրաստ են նորարարական և փորձարարական մոտեցումների,
— կանոնավոր գործում են ավելի քան երկու տարի:

Ծրագրին մասնակցելու համար  հայտարարվելու է մրցույթ, որի արդյունքում ընտրված լրատվամիջոցներին կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ՝ նախանշված նպատակներին հասնելու համար։ Ծրագրի մասնակիցներից  ակնկալվում է.
— նոր առցանց գործիքներով և ձևաչափերով ստեղծել լրագրողական պատմություններ, հետաքննություններ, ակնարկներ կամ այլ մուլտիմեդիա բովանդակություն, որը կտարածվի «Հայաստան+» աշխատանքային խորագրով,
— կանոնավոր աշխատել ծրագրի խմբագիրների/պրոդյուսերների հետ տեխնիկական և ստեղծագործական խորհրդատվություն ստանալու և կիրառելու նպատակով,
— մասնակցել ծրագրի մաս կազմող դասընթացներին, անհատական խորհրդատվություններին:

Մրցույթի արդյունքում կընտրվեն.
— առնվազն 4 համապետական գործընկեր,
— 
առնվազն 5 մարզային գործընկեր:

Համապետական գործընկերը մեկ դրամաշնորհի շրջանակում ստեղծում է 2 թեմատիկ մուլտիմեդիա փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է մինչև 3 պատմություն։

Մարզային գործընկերը մեկ դրամաշնորհի շրջանակում արտադրում է 4 թեմատիկ մուլտիմեդիա փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է մինչև 3 պատմություն։ Մարզային գործընկերները կաշխատեն երկու ուղղությամբ.
— կարտադրեն պատմություններ՝ համագործակցելով համապետական գործընկերների հետ, օգտագործելով համապետական լրատվամիջոցների թեմաները, վերափոխելով դրանք համայնքի և հանրության շահերին համապատասխան,
— կգտնեն ու կպատրաստեն նոր, սեփական թեմատիկ պատմություններ:

Պարզաբանումներ

Մեկ դրամաշնորհի չափը մինչև 2 միլիոն ՀՀ դրամ է։ Յուրաքանչյուր գործընկեր կարող է ստանալ մինչև 2 դրամաշնորհ 15 ամսվա ընթացքում։ Ծրագրի իրականացման ժամկետներն են՝ 2019թ. հունվար – 2020թ. հուլիս:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը գործընկերներին տրամադրում է խմբագրական,  տեխնիկական ու ստեղծագործական  աջակցություն,  կազմակերպում է դասընթաց, խորհրդատվություն և խորհրդատվական այցեր (այդ թվում արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ) հետևյալ թեմաներով․

Մուլտիմեդիա գործիքներ և թվային պատմություն  – ինչպես իրականացնել մրցույթում հաղթած հայտի նպատակները, ինչ ստեղծագործական և տեխնիկական մոտեցումներ օգտագործել մուլտիմեդիա արտադրանքի համար, ինչ նոր գործիքներ ու բաղադրիչներ ներառել աշխատանքում:

Բիզնես դասընթաց և խորհրդատվություն – Ինչպես ընդլայնել լսարանը, ինչպես և որ հարթակներում տարածել արտադրանքը, ինչպես գովազդ վաճառել առցանց տիրույթում:

Հրապարակումների նախնական թեմաներն են Հայաստանի սոցիալ — տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդու իրավունքների ու բնապահպանական խնդիրները, տարածաշրջանային հարցերը: Գործընկերներն ազատ են ներկայացնել և հիմնավորել այլ թեմաներ:

Չափանիշներ, արդյունքներ

Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար կձևավորվի լրատվական ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողով։

Մասնակցության հայտերը կգնահատվեն ըստ ծրագրի նկարագրության, տեխնիկական և ստեղծագործական չափանիշների և առաջարկվող բյուջեի։ Հաշվի կառնվեն.
— հայտ ներկայացրած կազմակերպության ստեղծագործական մոտեցումը, աշխատակիցների մասնագիտական որակները և դրանց համապատասխան՝ ծրագրի նպատակներն իրագործելու ներուժը,
— նախկինում նման հրապարակումների փորձը, որակն ու թեմաների բազմազանությունը,
— ներկայացված առաջարկի թեմաները, իրագործման քայլերը, պատմությունների գաղափարները, հստակ ու հասկանալի բացատրությունը, ինչպես նաև օգտագործվող բաղադրիչները,
— առաջարկվող ֆինանսական միջոցների և ժամկետների համապատասխանությունը ծրագրի բյուջեին և գործունեությանը:

Հայտերը պետք է ներկայացնել առցանց մինչև 2019թ. հունվարի 28-ը հետևյալ հղումով՝ դիմում-հայտ:

Այլ հարցերի համար կարող եք դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Արմեն Սարգսյանին:

Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ, հեռ. 010583620, էլ փոստ. [email protected]