ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար

 Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը:

«Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Թվիթեր»-ի իր էջում գրել է Տոյվո Կլաարը:

Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տուն, որտեղ տեղի կունենա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը` ԱՄՆ- ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: