Անհույս ու անլույս. կիսաքանդ ու գարշահոտ պատերի հետևում

Անհույս ու անլույս. կիսաքանդ ու գարշահոտ պատերի հետևում
Անհույս ու անլույս. կիսաքանդ ու գարշահոտ պատերի հետևում

Շողերն ու Քնարիկը կիսամութ սենյակի մի անկյունում, անկողնուն նստած, լուռ գիրք են կարդում: 19-20 տարեկան Պետրոսյան քույրեըի համար արդեն 9 տարի է` սովորական է դարձել կենցաղային ծայրաստիճան պայմաններում գոյատևելը` առանց գրասեղանի, անկողնում կքանստած գրելը, կարդալն ու քննություններին պատրաստվելն ու առհասարակ ապրելը: Աղջիկները սովորում են Եվրոպական ակադեմիայում. Շողերը պատրաստվում է դիվանագետ դառնալու, իսկ Քնարիկը` ծրագրավորող:
Թբիլիսյան խճուղու լամպերի գործարանի հարևանությամբ գտնվող նախկին թիվ 9 արհեստագործական ուսումնարանի հանրակացարանի փոքրիկ մի սենյակում նրանք ապրում են իրենց մոր և միակ խնամակալի` 43-ամյա Նաիրա Պետրոսյանի հետ:
Մի քանի ոտնաչափ սենյակում դրված մահճակալները, հին սառնարանը, պատին ամրացված զգեստապահարանները, դռան հետևում մեխերից կախված վերարկուները, գետնին և պահարանների գլխին շարված խոհանոցային պարագաները այնքան խիտ են կողք կողքի դարսված, որ շարժվելու համար սենյակում հազիվ կես մետր տարածք է մնացել:

«Ես արդեն 9 տարի է` ապրում եմ այստեղ: Երեք երեխա ունեմ, տղաս այժմ որպես զինծառայող աշխատում է Ղարաբաղում ու այնտեղ է ապրում, ես էլ աղջիկներիս հետ` այստեղ,- ասում է Պետրոսյանը: – Շենքի պայմաններն ահավոր են, բաղնիքն ու զուգարանը` ամբողջը քանդված, կանալիզացիայի ու ջրի տռուբաները` կիսափտած, ջրերը վերևի հարկից իջնում են մինչև ներքև»:

Աղջիկներն ու մայրը այստեղ են տեղափոխվել Նորքի զանգվածի հանրակացարանից, երբ կյանքը շատ է դժվարացել ընտանիքի հոր մահից հետո:

«Առաջ մենք տուն ունեինք, ամուսինս էլ Ռուսաստանում էր աշխատում, Հայաստան կարագ ու պեսոկ էր բերում: Հետո Ռուսաստանում կռվի ժամանակ նրան սպանեցին, իսկ մենք տները ծախեցինք, որ պարտքերը փակենք, ու հայտնվեցինք հանրակացարաններում»,- «Մեդիալաբին» պատմում է Նաիրա Պետրոսյանը, ով որպես անգլերենի թարգմանչուհի պայմանագրային սկզբունքով համագործակցում է զբոսաշրջության գործակալությունների հետ:

Նաիրան

Նա նշում է, որ բնակարան վարձելու համար ֆինանսական հնարավորությունները չեն ներում, քանի որ այժմ հազիվ աղջիկների ուսման վարձն է վճարում:

Հանրակացարանում «ծվարած» շուրջ 30 ընտանիքների պատմությունները տարբեր են, հուսահատեցնող. նրանց մեջ կան և մանկատան նախկին սաներ, և լամպերի գործարանի աշխատողներ, Բաքվից բռնի տեղահանվածներ, 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածներ…

Նրանց պատմություններն էլ հանրակացարանի փլուզվող շենքի նման տխուր են, կիսաքանդ:

Բնակիչները նշում են, որ հանրակացարանի սեփականատերը՝ «Աշխատանքային ռեզերվներ» ԿՄԸ-ն, միջոցներ չի հատկացնում շենքի պայմանները բարելավելու համար, իսկ Արաբկիրի համատիրություն դիմելու բազմաթիվ փորձերին նրանց պատասխանում են, որ սեփականատերն իրենք չեն և ոչինչ չեն կարող անել:

«Շենքի վիճակին, բոլոր խնդիրներին քաջածանոթ ենք, բայց մենք էլ համապատասխան միջոցներ չունենք, որ խնդիրները լուծենք: Մենք դիմել ենք և կառավարություն, և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, և առողջապահության նախարարություն, որպեսզի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման համար միջոցներ տրամադրեն, բայց դեռ չգիտեմ` ինչով կարող են օգնել: Մենք մեր կողմից գույքահարկն ենք մուծում, աղբահանության և ջրի վարձերն ենք տալիս, մնացածի համար միջոցներ չունենք»,- ի պատասխան «Մեդիալաբի» հարցմանն ասում է «Աշխատանքային ռեզերվներ» ԿՄԸ-ի տնօրեն Արա Մեհրաբյանը:

Մռայլ հանրակացարանի շենքի պատերից քարեր են թափվում, կիսաքանդ ընդհանուր զուգարանների գարշահոտությունը տարածվում է ամենուր, խարխլված առաստաղները ստիպում են շենք մտնողին վախվորած ամեն քայլը դնել:

Խոնավության ու բորբոսահոտը տարածված է երկար ձգվող միջանցքներով: Տհաճ հոտը սենյակներում է, ուր մարդիկ ապրում են, ճաշում, պարաններից լվացք փռում:

Էլեոնորան

53 տարեկան Էլեոնորա Հարությունյանը միայնակ կին է, ով արդեն 20 տարի է` ապրում է նույն հանրակացարանում: Ամուսինը մահացել է, երեխաներ չունի, օգնության ձեռք մեկնող հարազատներ նույնպես չունի:

Նա նշում է, որ 30 տարի աշխատել է լամպերի գործարանում, և գործարանն է իրեն սենյակ հատկացրել հանրակացարանում:

«Արդեն 20 տարի է, այստեղ եմ ապրում, խոնավ տեղ, չեմ էլ կարում նորմալ քայլեմ, ոչ մի տեղից օգնություն չունեմ: Ես պլիտա էլ չեմ վառում: Որ վառեմ, տակից դուրս չեմ գա, պետք ա մտնեմ տեղաշոր, պառկեմ, տելեվիզր նայեմ»,- ասում է տիկին Էլեոնորան, ով երկու վիրահատություն է տարել և հենաշարժական խնդիրներ ունի` ժամանակին երկու ոտքի խնձորակների վնասվածքի պատճառով:

Միայնության մեջ ապրող կնոջ համար միակ ուրախությունը ծաղիկներն են, որոնք նա ամեն օր ջրում է, խնամում պատուհանագոգին շարած, որոնց մեջ առաձնանում է չինական վարդը՝ հանրակացարանի դժգույն, հնամաշ և խոնավ պատերի մեջ զարմանալիորեն փարթամ ծաղկած:

Հարությունյանի վերևի՝ երկրորդ հարկի բնակարաններից մեկում է ապրում մանկատան նախկին սան 34-ամյա Աշխեն Գևորգյանը` իր 17-ամյա որդու հետ:

Նա նույնպես արդեն 20 տարի ապրում է հանրակացարանում, թեև 6 տարի առաջ բնակարան է ստացել դիմացի 7 հարկանի շենքում:

«Էդ շենքի իմ ստացած բնակարանի պայմաններն ավելի վատն էին, քան էս հանրակացարանի սենյակինը: Եթե մի քիչ էլ էդ տանը մնայի, կարող ա վասվածքներով էդ տնից դուրս գայի»,- ասում է Աշխենը:

Նա նշում է, որ մանկատան նախկին սաները, որոնք տուն են ստացել դիմացի շենքում, ստիպված են ապրում, իսկ իրենք մի քանի ամիս մնալուց հետո նորից վերադարձել են հանրակացարանի սենյակ:

«Հիմա հանրակացարանում տեղ էլ չկա, բոլորը սենյակները զբաղված են: Ես, դե, չեմ աշխատում, հիմնականում տանն եմ, տղաս է մենակ աշխատում, ինչ կարում է` անում է, ապրում ենք տենց, պարզ չի` թե վաղն ինչ կլինի»,- «Մեդիալաբին» ասում է Աշխենը:

Երեկոյան մութն ընկնելուն պես հանրակացարանի պատերի ներսում ավելի մռայլ ու լուռ է դառնում, միայն շներն են անընդհատ ներս ու դուրս անում: Իսկ մուտքի մոտ և դիմացի ամայի տարածությունում, որը համարվում է հանրակացարանի բակը, նույնիսկ մի լապտեր չկա լուսավորող:

Օրը բացվում ու մթնում է այստեղ նույն կերպ, բայց բնակիչները դեռ հույս ունեն, որ իրենց խնդիրներին գոնե մի օր լուծում կտան:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Կարապետ Սահակյանի

© Medialab.am