Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նման հաստատությունների զարգացմամբ կունենանք նոր մակարդակի առողջապահություն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում մասնակցել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈՒԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին:

Կառավարության ղեկավարը ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կլինիկայում, ծանոթացել իրականցված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին, պատասխանատուների հետ զրուցել կլինիկայի գործունեության առանձնահատկությունների և առաջիկա ծրագրերի մասին:

Վարչապետին ներկայացվել է, որ ժամանակակից անհրաժեշտ բժշկական բոլոր սարքավորումներով հագեցած Պալիատիվ ծառայության կլինիկան համապատասխանեցվել է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին և այն հնարավորություն կընձեռի մատուցել ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ:

ՈՒԱԿ-ում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է նաև հիմնական մասնաշենքի արդիականացման ուղղությամբ իրականացված մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքների, բուժհաստատության կողմից մատուցվող նոր ծառայությունների մասին, որոնց մի մասը բացառիկ է Հայաստանի համար:

Կառավարության ղեկավարն այնուհետև ՈՒԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան դահլիճում մասնակցել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին կենտրոնի հոբելյանի կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ: Վարչապետը նաև պարգևներ և շնորհակալագրել է հանձնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վաստակաշատ բժիշկներից մի քանիսին: