Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ․ դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հետաձգել է այսօր նշանակված դատական նիստը, քանի որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ։

Դատարանը գրություն էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ տեղեկացնեկով, որ թույլատրել է նախագահին նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ բացակայել հանրապետությունից։ Դեկտեմբերի 5-ին մեկ այլ գրությամբ դատարանը հայտնել է դատախազությանը, որ թույլատրել է Ռ․ Քոչարյանին դեկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ բացակայել երկրից։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դժգոհություն հայտնեց, որ սահմանահատման արգելքը վերացվել է դահլիճից դուրս՝ աշխատասենյակում կայացրած որոշմամբ և առարկեց դատավորի գործողությունների դեմ։ Դատավորը նշեց, որ պարտավոր չէ պարզաբանում ներկայացնել․ դիմող կողմի ներկայացրած հիմքերը և հարցի հրատապությունը բավարար են եղել որոշում կայացնելու համար։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ միջնորդություն ունի իր պաշտպանյալի՝ երկրից բացակայելու համար թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Սակայն մեղադրող դատախազն առարկեց այն այսօր կամ նիստից դուրս քննարկելու դեմ։

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 13-ը։