ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն hունիսի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա) և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը (Շվեյցարիա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։