Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բանակում վճարվել է 13-րդ աշխատավարձ 100 տոկոս դրույքով. Նիկոլ Փաշինյան

Զինվորի և առաջնագծի հերոսությունն, ի վերջո, իր տրամաբանական արդյունքին չի հանգում առանց թիկունքի հերոսության, որովհետև չկա զինվոր՝ առանց ամուր թիկունքի, «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Զինվորն ուժեղ է թիկունքով, և ինչքան ուժեղ է թիկունքը՝ այնքան ուժեղ է զինվորը, որովհետև այն միջոցները, որոնք գեներացվում են և ծախսվում հանուն անվտանգության, գեներացվում են, առաջին հերթին, տնտեսության մեջ: Ես ուզում եմ, որ մենք սա շատ լավ և բարձր արձանագրենք:

Պիտի բերեմ ամենաթարմ օրինակը. այս տարի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բանակում վճարվել է 13-րդ աշխատավարձ 100 տոկոս դրույքով: Դա ո՞ւմ շնորհիվ է: Դա, առաջին հերթին հարկ վճարողների շնորհիվ է, այն մարդկանց շնորհիվ, ովքեր ի հեճուկս բոլոր շարունակական ճգնաժամերի, շարունակում են աշխատել, որովհետև երկրի ինստիտուցիոնալ կայացման և բանակի, անվտանգության, ոստիկանության, պետական անվտանգության մարմինների գործունեությունն ապահովվում է, այսպես ասած, ավելացված արժեքի ստեղծմամբ»,- նշել է նա։

Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանի զարգացման օրակարգից որևէ առիթով և որևէ պատճառով մի միլիմետր անգամ շեղվելու իրավունք չունենք:

«Հակառակը՝ մենք սրանով արձանագրում ենք մեր վճռականությունը, մեր կամքը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ուժեղացնելու, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այն առանցքն է, որի շուրջ կառուցում ենք մեր ռազմավարությունները, մեր մարտավարությունները, և որը հնարավորություն է ստեղծում ավելի կամ պակաս այդ ռազմավարություններն ու մարտավարություններն իրականացնել:

Իհարկե, այս օրը, առաջին հերթին, այն մարդկանց մասին է, ովքեր տնտեսության ոլորտում և որպես հարկ վճարողներ դեռ շատ մեծ նվաճումների չեն հասել: Բայց այս մրցանակաբաշխությունն այդ մարդկանց խրախուսելու, քաջալերելու համար է: Սա այն մասին է, որ մարդիկ որոշել են այս երկրում քարը քարի վրա դնելու, միավոր ստեղծելու, արժեք ստեղծելու ճանապարհին վերցնել պատասխանատվություն իրենց վրա և արդեն իսկ արձանագրել են որոշակի հաջողություններ. առաջին հերթին՝ իրենց համարձակությամբ, իրենց ստեղծագործականությամբ և իրենց վճռականությամբ հայտ ներկայացնելու միանալու հարկ վճարողների այն մեծ բանակին, ովքեր ամեն տարի նորանոր միլիարդներով հարստացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, որով կանխորոշվում է, թե ինչ պայմաններում է ծառայելու մեր զինվորը, որով կանխորոշվում է, թե ինչ սպառազինություն ունի մեր զինվորը, ինչ հագուստ ունի, ինչ կոշիկ է հագնում և ինչ սնունդով է սնվում:

Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ հատկապես այսօրվա պայմաններում, երբ մենք Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի խնդիր ունենք, այս պարագայում առավել պատեհ եմ համարում այս մրցանակաբաշխության իրագործումը: 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աննախադեպ ծավալների՝ շուրջ 164 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղին: Ավելին՝ վաղվա որոշումով արդեն կլինի 168 մլրդ: Այդ գումարն ամենևին կառավարության անդամները չեն ստեղծել: Այդ գումարն ստեղծել են հազարավոր այն մարդիկ, որոնք տնտեսվարում են, ստեղծում են, արարում են և այսօր նրանցից ընդամենը մի քանիսին՝ 13-ին մենք մրցանակ կհանձնենք, բայց այս մրցանակը Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող, աշխատող, արարող և ազնիվ հարկ վճարող յուրաքանչյուր քաղաքացունն է, յուրաքանչյուր տնտեսվարողինը, յուրաքանչյուր կազմակերպությանը:

Շնորհակալություն և փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք այն զինվորին, որ ոչ միայն իր անձնական սխրանքներով է պահելու Հայաստանի Հանրապետությունը, այլև ունենալու է այնպիսի ամուր թիկունք, որ հերոսությունը միայն զինվորի մենաշնորհը չի լինի: Հերոսությունը մի պատասխանատվություն է, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի կիսի իր տեղում. պետական պաշտոնյան իր աշխատավայրում, հարկ վճարողն իր աշխատավայրում, գիտնականն իր աշխատավայրում, ուսուցիչն իր աշխատավայրում: Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական ժամանակներ, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։