«Դելտա», հետո էլ՝ «Լյամբդա». մանկաբույժը չի բացառում, որ երեխաների շրջանում եւս կորոնավիրուսի հետևանքով մահեր լինեն

Հուլիսի 20-ին Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում մահացած երկրորդ երեխայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի հնդկական «Դելտա» շտամ։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտարարել է, որ երկու ամսական երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ վիճակում, միացվել է արհեստական շնչառական սարքին։

«Երեխայի մոտ քրոնիկ այլ հիվանդություններ չեն եղել»,- հայտարարել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դավիթ Ռեխվիաշվիլին։

Նույն հիվանդանոցում օրեր առաջ մահացած մյուս երեխան ընդամենը հինգ օրական նորածին էր։

«Դելտա» շտամի վտանգավորության մասին բազմաթիվ բժիշկներ են բարձրաձայնել։ Հուլիսի 20-ի դրությամբ, հարևան Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակված երկրորդ երեխայի մահը։ Երեխաների մահվան պատճառը «Դելտա» շտամն է։

Հայտնի մանկաբույժ, ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժական խորհրդատու Սերգեյ Սարգսյանը «Մեդիալաբին» ասում է, որ ծանոթ չէ այդ դեպքերին, սակայն չի բացառում, որ երեխաների շրջանում մահեր կլինեն։ Նրա խոսքով՝ Հայաստանում էլ է նման դեպք գրանցվել, սակայն պետք է նկատի ունենալ՝ երեխան հարակից առողջական խնդիրներ է ունեցել։

«Պարբերաբար վարակվածության թվերի աճ ու նվազում ենք ունեցել, հիմա էլ՝ նոր շտամների մասին խոսակցություններ: Այս ամիսների տատանումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվել: Վերջին բարձրացումը փաստացի հուլիսից է սկսվել, և ժամանակ կանցնի, ու մենք դարձյալ կվերլուծենք իրավիճակը»,- ասում է Սարգսյանը։

Կորոնավիրուսային համավարակի տարածման սկզբից մինչև այս տարվա մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում ընդհանուր վարակվածների թվում երեխաները կազմել են շուրջ 4,5 տոկոս:

«Մեր երկրում գրանցված ցուցանիշը համաշխարհային միջին ցուցանիշն է, որը համավարակի տարածման մեկնարկից մինչև մայիս պահպանվել է նույն մակարդակում»,- «Մեդիալաբին» ասում է Սերգեյ Սարգսյանը։

Համավարակի բռնկման բոլոր փուլերում հիվանդանոցներում, ըստ մասնագետի, 40-60 երեխա է ստացիոնար բուժում ստացել, բայց հիմա այդ թիվը տատանվում է 5-10-ի սահմանում։

«Աշխարհի տարբեր երկրներում երեխաները ընդհանուր վարակակիրների թվում կազմել են 1-10 տոկոս: Բայց դա էլ թեստավորման հետ է կապված, քանի որ երկրներ կան, որ երեխաներին ընդհանրապես չեն թեստավորել: Այդպես է՝ չեն թեստավորում, եթե կարիք չկա, այսինքն՝ եթե դեպքը ծանր է, նոր միայն կարող են թեստավորել», -նշում է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տեսակներին, ապա դրանք ժամանակ առ ժամանակ փոխվում են։ «Հիմա էլ խոսում են «Լյամբդա» տեսակի մասին»,- նշում է նա։

Հարցին՝ հնարավո՞ր է զբոսաշրջության ակտիվ փուլում վարակի աճ գրանցվի՝ հատկապես հաշվի առելով այն, որ, օրինակ՝ Իրանը COVID-19-ի տարածման առումով համարվում է կարմիր գոտի, և այնտեղից զբոսաշրջիկների ակտիվ ներհոսք կա, Սարգսյանը պատասխանում է․

«Պետք է նկատի ունենալ, որ սահմանին իրանցիներին ստուգում են, թեստավորում, ինչը պատնեշ կարող է համարվել։ Մյուս կողմից՝ իրանցիները հանրային սննդի կետերում են լինում և այդքան շատ բնակչության հետ չեն շփվում:

Խնդիրը մեր բնակչության շրջանում է, և ինձ համար շատ ցավալի է արձանագրել, որ մարդիկ պարզապես չեն հետևում կանոններին, դադարեցրել են պաշտպանական միջոցներ կիրառելը: Ես, օրինակ՝ կիրառում եմ բոլոր անհրաժեշտ պաշտպանական միջոցները, և հիմա, թեպետ շոգ է, բայց ես դիմակ եմ կրում։ Ճիշտ է, ինձ հիմա սպիտակ ագռավ եմ զգում, բայց դա անհրաժեշտ է, նաև կոլեկտիվների մեջ գտնվելն եմ սահմանափակում: Բայց տեսնում եմ, որ բոլորը դադարել են կիրառել այդ միջոցները»։

Դիտարկմանը, թե եվրոպական երկրներում արդեն սկսել են ընդվզել հնարավոր լոքդաունների, սահմանափակումների դեմ, բողոքի ակցիաներ են իրականացվում, Սերգեյ Սարգսյանը արձագանքում է․

«Այո՛, կա նման բան։ Մի կողմից կշեռքի մի նժարին մարդկանց հոգեկան առողջությունն է, որը սահմանափակումների հետևանքով կարող է խախտվել, մյուս նժարին՝ համավարակը։

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար մինչև այժմ պատվաստումից ու այդ կանոնները պահպանելուց բացի, այլ հակազդող միջոց չի ստեղծվել։ Պատվաստվելն իր հերթին կանխում է ծանր դեպքերը, բայց չի կանխում վարակը։ Բացեք Իսրայելի վիճակագրությունը և կտեսնեք, որ զանգվածային պատվաստումներին զուգահեռ վարակի դեպքեր դեռ կան, սակայն, միաժամանակ, շատ կարևոր մի բան է գրանցվել՝ մահացության դեպքերն են կտրուկ իջել։ Իսկ դա մեր երկրի գլխավոր նպատակն է։ Եթե մահացություն չլինի, ապա կորոնավիրուսը դառնում է միջին գրիպ։ Պատվաստման խնդիրը դա է»։

Հնարավո՞ր է, որ պահ գա, որ երեխաներին ևս սկսեն պատվաստել հարցին ի պատասխան մանկաբույժը նշում է, որ աշխարհում հիմա այդ հարցի լայն քննարկումները ծավալվում են․

«Արդեն որոշ երկրներ սկսել են պատվաստել 12 տարեկանից բարձր երեխաներին, տեղ-տեղ՝ 15-18 տարեկաններին։ Բայց մեզ մոտ այս պահին այդ անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր թիրախային խմբերն այլ են՝ մեծահասակները, հանրային սեկտորը, բժիշկները, ուսուցիչները»։

Մասնագետը դեռ վաղ է համարում կանխատեսել՝ արդյոք անհրաժե՞շտ է դասապրոցեսը սեպտեմբերից կազմակերպել նույն սահմանափակ մեթոդներով, նույնիսկ՝ հեռավար, ինչպես նախորդ ուսումնական տարում էր։

«Հիմա ճանապարհորդությունների ակտիվ սեզոն է, և դրանից հետո մեկնարկելու է ուսումնական տարին, հետևաբար՝ վարակի ներթափանցման ակտիվ շրջան կարող է լինել։ Թե ինչպես կարող է լինել դասապրոցեսը՝ պատասխանատուները կորոշեն, բայց նաև պետք է հաշվի առնել, որ այս հիվանդությունը դինամիկ պրոցես է, և այդ հարցին միանշանակ պատասխան տալն անհնար է։

Իմ և, ոչ միայն իմ, նաև շատ մասնագետների տեսակետն այն է, որ դպրոցը վերջին տեղն է, որ պետք է ենթարկվի կարանտինի, որովհետև դա երեխաների ապագան է, նրանց կրթության ապագան է, նրանց սոցիալականացման ապագան է։ Դրա համար պետք է ամեն ինչ հաշվի առնել ու հասկանալ անելիքները։ Այն, ինչ եղավ, լավ կյանքից չէր, բայց պետք է նաև հասկանալ, որ դրանք որոշակի արդյունքներ տվել են»,- նշում է նա։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am