2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի բազմաթիվ ընտանիքներ ստիպված եղան տեղահանվել իրենից տներից՝ հաստատվելով այլ բնակավայրերում:
Նրանցից է Հայրիյանների ընտանիքը, որ տեղահանվել է ԱՀ Ասկերանի շրջանի Սղնախ համայնքից՝ հաստատվելով Շոշ համայնքում:
«Արցախպրես»-ի թղթակիցը հանդիպել և զրուցել է տանտիկնոջ՝ Սուսաննա Հայրիյանի հետ, ով Ստեփանակերտի քաղաքային շուկայում կանաչի էր վաճառում՝ դրանով թեթևացնելով ընտանիքի հոգսը:
«Կյանքիս 44 տարիների ընթացքում 3 պատերազմ եմ տեսել: Արցախյան շարժման տարիներին տեղահանվել եմ Շուշիից և բնակություն հաստատել Սզնեքի պապական տանս: Ամուսնանալով՝ Սղնախ եմ տեղափոխվել այն հույսով, որ կկարողանամ ստեղծել հայկական ևս մի օջախ: Բայց 44-օրյա պատերազմը փշուր-փշուր արեց բոլոր երազանքներս: Հոկտեմբերի 24-ին տեղափոխվեցինք Երևան՝ հույսով, որ մի քանի օրից հետո հետ եմ վերադառնալու. չգիտեի, որ վերջին անգամ եմ շնչում գյուղիս թարմ օդը: Երբ ամեն ինչ արդեն ավարտված էր, և Սղնախն էլ թշնամու տիրապետության տակ էր անցել, ինձ Արցախից հեռու չտեսա. նոյեմբերի 17-ին հետ վերադարձանք Ստեփանակերտ: Փառք Աստծո, Շոշ գյուղում տուն գտանք, և այսօր 5 հոգով ապրում ենք այնտեղ. ունեմ անչափահաս երեխա»,- պատմել է Ս. Հայրիյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ մինչ օրս օգտվել են տեղահանվածներին տրամադրված աջակցություններից, ինչպես նաև ԿԽՄԿ-ի կողմից ստացել են հիգիենայի և սննդի պարագաններ:
«Սղնախում ապրելու տարիներին էլ կանաչի էի վաճառում Ստեփանակերտում։ Հիմա էլ ամեն օր Շոշ գյուղից հասնում եմ մայրաքաղաք և շուկայում վաճառում գյուղի կանաչին՝ օրվա հացս վաստակելու նպատակով»,- ասել է նա և հավելել, որ մեծ սիրով բնակություն կհաստատի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի հարևանությամբ Սղնախի բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրում։