«Դավիթ Տոնոյանի շարունակական կալանքը լուրջ հիմնավորումներ չունի». փաստաբանը չի բացառում, որ նախկին նախարարի ազատության մեջ լինելը խանգարում է որևէ մեկին

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանների խումբը հուլիսի 6-ին հայտարարություն է տարածել՝ դժգոհելով, որ խախտվում են նախկին պաշտոնյայի «ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները»:

«Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով հունիսի 27-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ: Դրանից հետո ակնկալում էինք, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվի ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Մ. Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդ՝ հաջորդ դատական նիստը նշանակելով 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ որպես այդպիսին կայացած նախորդ դատական նիստից շուրջ 2 ամիս հետո: 

Սա այն ակներև ցուցիչն է, որը խոսում է ողջամիտ ժամկետների անտեսման և Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտման մասին»,- նշված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ:

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստերը մեկնարկել են հունվարից, և ինչպես ասում է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը, անցած 6 ամիսների ընթացքում այս գործով «ամբողջական և նորմալ» դատական նիստ չի անցկացվել: «Պատկերացրեք՝ այնքան է ձգվել նիստը, որ այս ժամանակաընթացքում մեղադրական եզրակացություն չի ներկայացվել, գործընթացը չի մտել դատաքննության փուլ: Նիստերը նշանակում են ժամը 15.00-ին, և մինչև պաշտպանները մի քանի խոսք են ասում, դատական նիստն ավարտվում է: Հիմա էլ դատավորն է արձակուրդ մեկնել»,-«Մեդիալաբին» ասում է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ անցնում է պաշտպանական համակարգում 2018-2020 թթ. կատարված կոռուպցիոն չարաշահումների գործով: Այս գործը հայտնի է «անորակ հրթիռների գործ» անվանումով, որով, բացի Տոնոյանից, անցնում են ևս 6 մեղադրյալներ՝ զենքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է Պատրոն Դավո անունով, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը և ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը: Վերջին երեքը և Դավիթ Գալստյանը ազատության մեջ են: Վլադիմիր Բաբայանը, ավելին, աշխատում է, իսկ Արտյոմ Համբարյանը ազատ է արձակվել, քանի որ ՊՆ-ից ստացված գրության համաձայն՝ նրա գիտելիքներն այժմ պետք են համակարգին:

Նկատենք՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի նյութերի համաձայն՝ նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ (4.7 մլն ԱՄՆ դոլար) գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանն ասում է՝ դատական նիստերի մեկնարկի 6 ամիսների ընթացքում ընդամենը 3 նիստ է կայացել, մեծավ մասամբ՝ դռնփակ, հնարավորություն չի տրվել ապացույցները հետազոտել, վկաներին հարցաքննել, նյութեր ներկայացնել:

«Քանի որ գործն անշարժ վիճակում է, մենք զրկված ենք նաև Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի համար նոր հանգամանք ձեռք բերելու ու ներկայացնելու հնարավորությունից: Նման պայմաններում ակնհայտ է, որ Դավիթ Տոնոյանի շարունակական կալանքը լուրջ հիմնավորումներ չունի ու մարդու իրավունքների խախտում է»,- ասում է փաստաբանը:

Հարցին, թե հնարավո՞ր է Տոնոյանը որևէ մեկին խանգարում է և նրան անազատության մեջ պահելու խնդիր կա, փաստաբանն արձագանքում է. «Ոչինչ չեմ բացառում: Ամեն դեպքում ունենք փաստ, որ մարդը գտնվում է անազատության մեջ: Արդարադատության շահերից ելնելով՝ պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում դատական նիստեր նշանակվեին՝ հաշվի առնելով, որ անազատության մեջ են գտնվում 3 անձինք, սակայն դրան հակառակ այդ նիստերը ձգձգվում են, և արդյունքում 2 ամիսը մեկ մի դատական նիստ է նշանակվում»:

Փաստաբանի խոսքով՝ Տոնոյանն ուզում է հանդիպել լրատվամիջոցների հետ և պատասխանել հարցերին, հետևաբար, իրենց հաջորդ քայլը լրատվամիջոցների հետ հանդիպելու միջնորդություն ներկայացնելն է: Դիտարկմանը, թե չի եղել նախադեպ, որ կալանավորված անձը լրատվամիջոցներին ասուլիս տա, փաստաբանն արձագանքում է. «Օրենքն ամեն դեպքում թույլատրում է, դրա արգելք չկա: Հուսով ենք՝ գոնե այդ հարցով դատարանը օբյեկտիվ որոշում կկայացնի»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am