«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նոր ուժ» կուսակցության անդամ, ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը
– Պարո՛ն Երիցյան, Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ըստ էության արդարացրեց բոյկոտող քաղաքացիների նկատմամբ երթուղայինի վարորդների վարքը, առաջարկեց չվճարող քաղաքացիների դեմ համապատասխան մեթոդներ կիրառել: Ի՞նչ ասել է համապատասխան մեթոդներ, ի՞նչ է պատրաստվում անել քաղաքապետարանը:
– Քանի որ այս ռեֆորմն ի սկզբանե ամբողջությամբ մտածված չէր, այդ համապատասխան մեթոդների շուրջ էլ մինչ այս պահը հստակ չէ: Այս պահին քաղաքապետի ու քաղաքապետարանի ձեռքին եղած գործիքակազմը թույլ չի տալիս որևէ կերպ ինչ-որ տուգանքներ կամ կանխարգելիչ մեթոդներ կիրառել, որովհետև դրանք պետք է մտածվեին ռեֆորմի սկզբում: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը կամ ենթաօրենսդրական ակտերը թույլ չեն տալիս, որ քաղաքապետարանը հսկիչներ ուղղորդի ավտոբուսներ, նման լիազորություն չունի:
Այս պահին քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության այն հսկիչները, որ 3-ական խմբերով բարձրանում են տրանսպորտ, դա նրանց լիազորությունների մեջ չի մտնում, նրանց աշխատանքային անձնագրերի մեջ չի մտնում, ու այստեղ էլ քաղաքապետարանը իր լիազորությունները, փաստորեն, գերազանցում է՝ նման հրաման տալով: Թեև Տիգրան Ավինյանը գոհ է վարորդներից ու շնորհակալ, մենք շատ դժգոհ ենք ու շնորհակալ չենք, որովհետև վարորդների վրա, շատ վարորդներ այս տեղեկությունը հաստատում են, դրվել են ինչ-որ ֆունկցիաներ, որոնք աշխատանքային պայմանագրով նախատեսված չեն:
Վերջին մի քանի օրերին վարորդները սիստեմատիկ մարդկանց իջեցնում են ավտոբուսից, վեճեր են հրահրում ու պնդում են, որ ունեն նման հրաման, ու դրա դիմաց իրենց աշխատավարձը բարձրացնելու են, բոնուսներ են տալու: Այս բոլոր գործիքները, որոնք կիրառվել են մինչ այս պահը, հակասում են օրենքին, օրենքի հետ որևէ կապ չունեն, մենք հորդորում ենք քաղաքացիներին, որ եթե իրենց անհանգստացնեն, ապա թող դիմեն համապատասխան մարմիններ, որովհետև այս պահին որևէ մեկը որևէ հարցով չի կարող ավտոբուսում նրանց մոտենալ:
Քաղաքապետարանը չունի այդ համապատասխան միջոցներ ձեռնարկելու որևէ իրավական, օրինական հնարավորություն, ու այս անհանգստությունը որ ունեն ու այսօր խոսել են այդ մասին, իսկ սա նրանց համար բարդ թեմա է, ու նախընտրում են չխոսել չվճարող քաղաքացիների մասին, եթե խոսում են՝ դա նշանակում է, այն թվերը, որ իրենք տեսնում են՝ թե՛ փաթեթներ գնած, թե՛ վճարող քաղաքացիների թիվը շեշտակի ցածր է, քան իրենց սպասելիքները:
Սա է պատճառը, որ իրենք բոլոր մեթոդները կիրառում են թե՛ հանրային տիրույթում, թե՛ հայտարարում են, որ միջոցներ կկիրառեն, սա ամենևին էլ պատահական չէ, որովհետև մարդիկ սա տեսնում են, ու դա կարող է նրանց վարքագծի վրա ազդել: Քաղաքապետից սկսած մինչև վարորդ փորձում են ահաբեկել բոյկոտող քաղաքացիներին, բայց ինչպես նշեց Հայկ Մարությանը, սա մեկօրյա պայքար չէ, սա ամենօրյա աշխատանք է ու ի վերջո արդյունքի է հասնելու, որովհետև եթե բոյկոտն արդյունավետ չլիներ, քաղաքային իշխանությունն անընդհատ չէր մտածի, թե ինչ նոր մեթոդ հորինի ու կիրառի:
– Այսինքն՝ այն, որ Ավինյանն ասում է, թե վարորդի աշխատանքային պայմանագիրը ենթադրում է, որ նա հետևի, որպեսզի քաղաքացիները վճարեն, այնքա՞ն էլ այդպես չէ:
– Վարորդի միակ պարտականությունը աշխատանքային պայմանագրով Ա կետից Բ կետ հասցնելն է, չի կարող պայմանագրում լինել կետ, որը վարելու հետ կապ չունի: Նրանց վրա ապօրինի դրվում են լիքը բաներ, օրինակ՝ այդ մեքենան լվանալը, բայց դրանք նրանց պարտականությունների հետ կապ չունեն: Հիմա մենք պաշտոնական հարցում ենք ուղարկել, որպեսզի մեզ տրամադրեն վարորդների ու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի միջև կնքված աշխատանքային պայմանագրերի օրինակները, ու հասկանանք՝ արդյոք կա՞ նման կետ, եթե կա՝ ե՞րբ է ավելացվել:
Այնուամենայնիվ, տրամաբանությունը հուշում է, որ աշխատանքային պայմանագրում չի կարող լինել մի բան, որը կապված չէ այդ աշխատանքը կատարելու հետ: Վարորդը պետք է միայն վարի ու վերջ, այն, որ իրենք քաղաքացու հետ խոսակցությունների են բռնվում՝ իրավունք չունեն, վեճեր են հրահրում՝ իրավունք չունեն: Մենք արդեն ունենք կոնկրետ գծերում կոնկրետ վարորդների տվյալներ, որոնք իրենց ոչ քաղաքավարի ու ամենավերջին խուլիգանի պես են պահում, ու այդ յուրաքանչյուր դեպքի հետևից գնալու ենք, որպեսզի մյուսներն էլ տեսնեն, որ այդպես չի կարելի:
– Պարո՛ն Երիցյան, եթե քաղաքապետը ողջունում ու աջակցում է վարորդների նման պահվածքը, էլ ինչպե՞ս եք պայքարելու դրա դեմ:
– Մենք կոչ ենք արել քաղաքացիներին, որ երբ վարորդը խուլիգանական վարքագիծ դրսևորի, իրենք այդ ամենը նկարեն, ուղարկեն մեզ: Մենք այդ յուրաքանչյուր դեպքի հետևից գնում ենք, իրավապահ մարմիններ ենք ուղարկելու ու փորձելու ենք հանրային վերահսկողություն ապահովել այդ մարդկանց վարքի նկատմամբ, որովհետև առաջին մեկ շաբաթվա ընթացքում իրենք դրսևորել էին այնուամենայնիվ համագործակցային ու կառուցողական վարք, բայց հիմա էլ բազմաթիվ տեսանյութեր ենք ստանում, որ վարորդներն ասում են՝ եթե չանեմ, գործից կհանեն, եթե չանեմ՝ աշխատավարձից կպահեն, այս ամենը որևէ օրենքով ամրագրված չէ, օրինական հարթությունից դուրս է:
Վստահ եմ, որ ավելի քրեական ու ինչ-որ ձևերով վարորդներին ճնշել են, որ եթե այդպես չանեք՝ այսպես կլինի, այնպես կլինի: Մի կողմից վարորդին է պետք պաշտպանել, որ չենթարկվեն այս բոլոր տեսակի ճնշումներին, մյուս կողմից էլ՝ պետք է գնանք բոլոր այն վարորդների հետևից, որոնք ստորացնում են մեր քաղաքացիներին ու չեն թույլատրում օգտվել այն տրանպորտից, որն իրենց հարկերի միջոցով է ձեռք բերվել, նորից եմ ասում՝ դա վարորդի ֆունկցիան չէ: Այս ռեֆորմի հետ կապված մենք ունենք տասնհինգ հարց, որոնք բաց են, այսինքն՝ այդ պատասխանները չունի ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ որևէ այլ կառույց:
– Քաղաքապետարանի որդեգրած այս քաղաքականությունը, որը, ինչպես ասացիք, ահաբեկում է բոյկոտող քաղաքացիներին, կարո՞ղ է հակառակ էֆեկտ տալ, թե՞, այնուամենայնիվ, քաղաքացիները տեղի են տալու:
– Վստահ եմ, որ հակառակ էֆեկտն է ունենալու: Որքան մարդկանց նյարդայնացնեն, որքան ավելի շատ ճնշում գործադրեն, այս խաղաղ բոյկոտը կուղեկցվի ավելի շատ միջադեպերով: Քաղաքապետարանը սկսել է սխալ գործել, ու դա իրենց դեմ է դառնալու, ինչքան ավելի ճնշում գործադրեն, բոյկոտն այնքան ավելի է ուժեղանալու, ընդդիմադիրներն այնքան ավելի են փորձելու պաշտպանել այդ մարդկանց իրավունքները:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















