ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Առողջապահության նախարարությունը ծնողների համար նոր կայք են ստեղծել

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Առողջապահության նախարարությունը  ծնողների համար նոր կայք են ստեղծել
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Առողջապահության նախարարությունը ծնողների համար նոր կայք են ստեղծել
Հեղինակ MediaLab

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության նախարարությունը համատեղ հայտարարեցին ծնողների համար նոր կայքի՝ www.babycef.am-ի մեկնարկը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի 25-ամյակի և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակի առթիվ ստեղծված այս հարթակի նպատակն է երեխայի խնամքի, սնուցման, առողջ զարգացման ու դաստիարակության վերաբերյալ հայերեն վստահելի տեղեկատվությունը մատչելի ու հասանելի դարձնել յուրաքանչյուր ծնողի համար:

Հայաստանում երեխաների միայն 45 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում մինչև 6 ամսականը: Իսկ արդեն մեկ տարեկան երեխաների միայն 36 տոկոսն է կրծքով կերակրվում: Մինչ երկու տարեկան երեխաների միայն 25 տոկոսի սննդակարգն է համապատասխանում միջազգային ընդունված ստանդարտներին: Արդյունքում մինչև 5 տարեկան երեխաների 9 տոկոսը թերաճ է, իսկ 14 տոկոսը՝ ավելորդ քաշ ունի: Մյուս կողմից՝ Հայաստանում տարածված են դաստիարակության բռնի մեթոդները. ըստ վիճակագրության՝ երեխաների 65 տոկոսը որևէ տեսակի հոգեբանական բռնության է ենթարկվել, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական բռնության որևէ տեսակի:
 
Մենք ցանկանում ենք ապահովել յուրաքանչյուր երեխայի վաղ մանկական զարգացումը, քանի որ կյանքի հենց առաջին տարիների ընթացքում է երեխայի ուղեղը զարգանում այլևս երբեք չկրկնվող արագությամբ: Այս շրջանը երեխայի զարգացման վրա ներազդելու եզակի մի հնարավորություն է:
Ավելին, յուրաքանչյուր երեխայի կյանքի ու զարգացման իրավունքն ամրագրված է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածում, իսկ 18-րդ հոդվածը հիշեցնում է Կառավարություններին երեխաներին մեծացնելու գործում աջակցել ծնողներին: Իսկ, թե ինչ խնդիրներ են հուզում ծնողներին, ինչպիսի աջակցություն են նրանք ակնկալում ու ինչ տեղեկատվության կարիք ունեն, քննարկվեց հանդիպման ավարտին` մի խումբ մայրիկների ու հայրիկների մասնակցությամբ:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ելույթում ասաց. «Այսօր ներդրվում է մի հարթակ, որի շնորհիվ հնարավոր կդառնա ավելի ճիշտ խնամք ցուցաբերել երեխաներին: Այն ստեղծվել է, որպեսզի դուք հնարավորություն ունենաք երեխայի խնամքի, սնուցման, առողջ զարգացման ու դաստիարակության վերաբերյալ ստանալ մատչելի և վստահելի տեղեկատվություն»:
 
Ծնողները նույնպես շեշտադրեցին սեղանի գրքի նման մի այսպիսի կայքի անհրաժեշտությունը: Ինչպես նաև նրանք բարձրաձայնեցին ֆիզարձակուրդի, աշխատանքի վերադառնալու, մանկապարտեզների սակավության, դրանց աշխատաժամանակի ու գրանցման խնդիրների մասին:

«Մենք գիտենք, որ ծնող լինելն աշխարհում ամենաբարդ գործն է: Ու այս բարդ գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեր կողքին է, իսկ Բեյբիսեֆ-ը՝ մեր անմիջական շփումն ապահովող հարթակը,-դիմելով ծնողներին՝ ասաց Հայաստանում Յունիսեֆ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Նա իր ելույթն ավարտեց հայտնիներից մեկի խոսքով,- «եթե դու կարող ես փոխել պատմության սկիզբը, ապա դու կարող ես փոխել ողջ պատմությունը: Մենք միասին պետք է կարողանանք սպիտակ թղթի վրա լավագույնս գրել յուրաքանչյուր երեխայի պատմության սկիզբը»:
 
Ծնողների հետ աշխատելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում և կոչ է անում կառավարությանը ու մասնավոր հատվածին նույնպես աջակցել ծնողներին իրենց երեխաների կյանքի լավագույն սկիզբն ապահովելու համար:

Մասնավորապես մենք կոչ ենք անում.

1. Նվազագույնը 6 ամիս երեխայի խնամքի վճարվող արձակուրդ տրամադրել թե՛ հայրիկներին, թե՛ մայրիկներին:

2. Աշխատանքի վերադարձող կանանց համար կրծքով կերակրելու պայմաններ ու վճարվող ընդմիջումներ տրամադրել:

3. Երեխաների խնամքի համար հասանելի, մատչելի և որակյալ ծառայություններ ապահովել:

3. Երեխաներ ունեցող բոլոր ընտանիքներին աջակցել երեխաների նպաստներով: