Երբ է հնարավոր առանց վիզայի մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ

Սոցցանցերի հայկական տիրույթում, մասնավորապես, զբոսաշրջային տարբեր խմբերում պարբերաբար հնչում է հարց՝ երբ է հնարավոր առանց վիզայի մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ:

Հարցը հնչեցնելու առիթը հունվարի 26-ին Կառավարության նիստում ընդունված որոշումն էր, որի համաձայն ՀՀ քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ կայցելեն առանց մուտքի արտոնագրի: Այդ օրը նիստում Կառավարությունը հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009 թվականի հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Կառավարությունից տեղեկացրել էին, որ արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի Հայաստանի քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ։

Սակայն թե ե՛րբ արձանագրությունը կստորագրվի, գործնականում ե՛րբ մարդիկ հնարավորություն կունենան առանց մուտքի արտոնագրի մուտք գործել ԱՄԷ՝ կառավարությունը չէր հստակեցրել:

Պատասխանելով «Մեդիալաբի» հարցերին՝ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասաց, որ առաջին հերթին պետք է ստորագրվի արձանագրությունը, սակայն թե ե՛րբ կարող է լինել ստորագրման արարողություն, խոսնակը դժվարացավ ասել: «Կոնկրետ թե ե՛րբ կստորագրվի՝ չեմ կարող ասել, ժամկետներ չեմ կարող նշել, բայց նման փաստաթղթեր սովորաբար ստորագրվում են պաշտոնական այցերի շրջանակներում»,- նշեց Վահան Հունանյանը:

Մեր հարցին՝ արդյոք ԱԳ նախարարի օրակարգում կա՞ ԱՄԷ այց, խոսնակն ասաց, որ այս պահին նախարարի այցերի մասին տեղեկություն չի կարող հաղորդել:

«Երբ մոտակա ժամանակահատվածում ԱՄԷ այցեր լինեն, արձանագրության ստորագրումը տեղի կունենա: Առաջին հերթին դա պետք է ստորագրվի, որից հետո ներպետական վավերացում պետք է տեղի ունենա: Ներպետական վավերացման ընթացակարգերի ավարտից հետո երկու կողմերը միմյանց ծանուցում են, որ դրանք վավերացվել են, և հետո միայն փաստաթուղթը կմտնի ուժի մեջ, այսինքն՝ գործընթացը ժամանակ է պահանջում»,- հստակեցրեց ԱԳՆ ներկայացուցիչը:

Պաշտոնական փաստաթղթի հիմնավորումներում նշվում է, որ 1998 թվականից՝ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների միջև գրեթե բոլոր բնագավառներում կա «դինամիկ զարգացող համագործակցություն»։

Նշվում է նաև, որ ԱՄԷ-ն տարածաշրջանում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և էմիրաթական ներդրումների ծավալը Հայաստանում, բացի այդ, էականորեն ավելացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթերի թիվը, զարգացում է ապրում զբոսաշրջությունը։

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը մեկնարկել էր դեռևս 2017 թվականին, սակայն որոշ ժամանակ անց կանգ էր առել: Այժմ նորից մեկնարկել են քննարկումները, և ԱԳՆ-ում հույս ունեն՝ այն շուտով կյանքի կկոչվի:

MediaLab.am