Լուսավոր Հայաստանը օրենքի նախագծով առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները

Լուսավոր Հայաստանը  օրենքի նախագծով առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները
Լուսավոր Հայաստանը օրենքի նախագծով առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները

ԱԺ «Լուսավոր Հայասստան» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտային հարկի վերադարձման համակարգում 2018 թվականից ներդրվել են սահմանափակումներ՝ բնակարանի արժեքի 55 մլն դրամ սահմանափակում եւ վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային 1.5 մլն դրամ սահմանափակում: Նշված սահմանափակումները ներդրվել են «սոցիալական» հիմնավորմամբ՝ ծրագրի շահառուներին հնարավորություն չտալով ձեռքբերել ավելի արժեքավոր բնակարաններ:

Սահմանափակումները որեւէ հիմնավորում չունեն, քանի որ արժեքավոր բնակարանները նույնպես լուծում են կացարանային խնդիր եւ սահմանափակելով նման բնակարանների վաճառքի արտոնյալ հնարավորությունը՝ լուրջ խնդիրներ ենք առաջացնում շինարարական ոլորտում, քանի որ սա բերում է կոնկրետ մակերեսից մեծ բնակարանների կառուցման խուսափելուն, ինչը շատ հաճախ հնարավոր չէ նաեւ ճարտարապետական տեսանկյունից:

Ընդ որում, բարձր աշխատավարձ ստացողներին փաստացի խոչընդոտելով մեծ մակերես ունեցող բնակարան գնելուց՝ խնդիր ենք առաջացնում նաեւ բազմազավակ ընտանիքների բարեկեցիկ ապրելու համար:

Սահմանափակման բացակայությունը չի կարող առաջացնել նաեւ որեւէ չարաշահում, քանի որ դրա համար պետք է բարձր աշխատավարձի եւ փաստացի վճարած եկամտային հարկի առկայություն, ընդ որում բարձր վաճառքի գնից կառուցապատողը նույնպես ավելի շատ հարկ է վճարում:

Այս առումով խիստ հատկանշական է, որ ՀՆԱ-ի մեջ շինարարության բացասական նպաստումը վերջին տարիների ընթացքում ի վերջո վերածվեց դրական նպաստման՝ 2017-ին 0.2%-ային կետով, այնինչ 2018-ին այն անկում ապրեց 30%-ով՝ հասնելով 0.14%-ային կետի: Ակնհայտորեն, արտոնության սահմանափակումն ունեցել է իր մուլտիպլիկատիվ ազդեցությունը շինարարական ոլորտի ակտիվության դանդաղման համար, որն ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ում շինարարական ճյուղի նվազման վրա:

Գործող երրորդ սահմափակումը, որը հնարավորություն է տալիս միայն 1 անգամ օգտվել ծրագրից, բավարար է ծրագրի կացարանային նպատակի հիմնավորման համար, եւ մնացած 2 սահմանափակումները ոլորտի զարգացման համար առաջացնում են լուրջ ռիսկեր ու խոչընդոտներ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներկայացրել եմ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ՝ նշված սահմանափակումները հանելու վերաբերյալ»: