Ծանրորդ Էմմա Պողոսյանը երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները հերթական մեդալն են նվաճել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության կանանց պայքարի 81 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկեց 98 կգ` դառնալով բրոնզե մեդալակիր: Ծանրորդը հրում վարժությունում գրանցեց 123 կգ` արժանանալով ևս մեկ բրոնզե մեդալի: Երկամարտի 221 կգ արդյունքով Պողոսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Մինչ այս աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտի 237 կգ արդյունքով 7-րդն էր, 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանն առաջին էր երկամարտի 275 կգ-ով: 73 կգ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնության հրում վարժության փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 81 կգ քաշում Հովհաննես Ղահրամանյանը միայն 4-րդն էր (երկամարտ` 308 կգ):

89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 306 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Կանանց պայքարում 71 կգ քաշում Ալինա Սուքիասյանը գրավել էր 8-րդ տեղը, իսկ Աննա Ամրոյանը նվաճել է բրոնզե մեդալ: 96 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: