ՀՀ նորընտիր ՄԻՊ-ն Արցախի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախում տիրող հումանիտար իրավիճակը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Մանասյանն իր խոսքում առանցքային է համարել Արցախի գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել գործադրելու ջանքեր՝ այդ համագործակցությունը խորացնելու և կատարելագործելու ուղղությամբ։

Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում տիրող հումանիտար իրավիճակին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին ու քննարկել դրանց հասցեագրման հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու այս ուղղությամբ երկու հաստատությունների համատեղ աշխատանքը՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների արձանագրմանը և թիրախային հասցեագրմանը։ Գեղամ Ստեփանյանն, իր հերթին, շնորհավորել է պաշտպանին այս պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վերահաստատել կայուն փոխգործակցության հանձնառությունը: Անահիտ Մանասյանին ՄԻՊ պաշտոնում ԱԺ-ն ընտրել է ապրիլի 12-ին: