Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահի դրությամբ ունենք 4 վիրավոր: Նրանցից 2-ի վիճակը միջին ծանրության է, 2-ինը՝ բավարար: Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,-ասաց Ավանեսյանը:
Զինծառայողները ստացել են տարբեր տիպի վիրավորումներ: Նրանք Երևանում չեն, եթե կարիք զգացվի, կտեղափոխեն:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շտապօգնության մեքենայի թիրախավորմանը՝ նախարարն ասաց, որ նման ագրեսիան որևէ կերպ չի կարելի արդարացնել: «Շտապօգնության մեքենաները և բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանդիսանում են հատուկ օբյեկտներ և նրանց թիրախավորելը որևէ կերպ ընդունելի չէ»,-ասաց Ավանեսյանը: