Քննարկման է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Քննարկման է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Քննարկման է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

«Մենք կարևորում ենք այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց միջոցով հնարավորություն կունենանք ոլորտում իրականացնել անհրաժշետ բարեփոխումները։ Առաջին օրենսդրական նախաձեռնությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և ծառայությունների մատուցման անհրաժեշտությունից է բխում, որի մասին բազմիցս խոսել ենք։  Բայց, որպեսզի այս փոփոխությունը կարողանանք իրականացնել, մեզ անհրաժեշտ է նոր օրենք և օրենսդրական հենքի ապահովում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում:

Հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված էր երեք հարց, որոնք վերաբերում էին հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին:

Նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը.

«Հույս ունեմ, որ հնարավորինս սեղմ ժամկետում հիմնովին կփոխվի ԲՍՓ համակարգը: Այս պահին գործող կայուն հանձաժողովները, որոնք գործում են տարբեր համայնքներում, լինելու են ընտրովի, ամեն շաբաթվա տրամաբանությամբ, իսկ բուժատեխնիկական հանձնաժողովը դառնալու է մշտական: Կարող եմ փաստել նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց հավաստագրերի միջոցով տրվող աջակցող սաքերի տրամադրման գործընթացը արձանագրել է բավականին լավ արդյունքներ»,- մանրամասնել է պարոն Գասպարյանը:

Նիստի մասնակիցներին նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Գործող օրենսդրության մասին խոսելուց հետո, Ա. Հակոբյանը մանրամասնել է ներկայացվող օրենքի նպատակը, օգտագործվող հիմնական հասկացությունները:

Հիմքում ունենալով մարդու հիմնարար իրավունքները՝ օրենքը նպատակ ունի ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգ և ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման հիման վրա ծառայությունների մատուցման իրավական հիմքեր: Օրենքում ներկայացված է նաև ֆունկցիոնալության գնահատման մոդելը, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության աստիճանի, գործունեության ու մասնակցության, միջավայրային գործոնների ունեցած ազդեցության գնահատումն է: Մոդելի ներդրմամբ կբարձրանա հաշմանդամության սահմանման գործընթացի օբյեկտիվությունը և անձին կմատուցվի այդ գնահատման հիման վրա անհրաժեշտ ծառայությունները:

Նախարարի օգնական Մուշեղ Հովսեփյանը ներկայացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օերնքի նախագիծը: Դեռևս 2013 թ. ստեղծված փաստաթուղթը բազմաթիվ հանրային քննարկումների փուլեր է անցել և ուներ վերանայման կարիք:

Ըստ բանախոսի՝ օրենքի հիմնական դրույթները մնացել են անփոփոխ, սակայն ավելացել են նորերը՝ համալիր և տարեկան ծրագրեր, պաշտպանության համակարգի ներդրում, ազգային հանձնաժողովի գործունեություն, մատչելիություն և հանընդհանուր դիզայն, խտրականության արգելք, անկախ կյանքի և համայնքում ներառման իրավունքի իրացում, խելամիտ հարմարեցումներ:

Փորձագետի կարծիքով, օրենքի ընդունումից հետո կլուծվեն մի շարք խնդիրներ, մասնավորապես, կարգելվի «հաշմանդամության հիմքով խտրականությունը», այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը, կսահմանվեն մատչելիության նվազագույն պահանջներ, որոնց չկատարման դեպքում կկատարվի մասհանում, հիմքեր կստեղծվեն հաշմանդամություն ունեցող անձանց մասին վիճակագրական տվյալների մշակման համակարգի բարելավման համար:

Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ մասնակիցներն արտահայտել են իրենց առաջարկներն ու դիտարկումները:

Նախարար Զարուհի Բաթոյանը, ամփոփելով հանձնաժողովի աշխատանքները, ընդգծել է միջգերատեսչական համագործակցության կարևորությունը՝ անձի կարիքների համակողմանի գնահատման հիման վրա մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը ապահովելու համար:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։