ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար ետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով։
Հուլիսի 23-ին Արմեն Սարգսյանը շքանշանը հանձնեց Արման Կիրակոսյանի հարազատներին։
«Թվում է, թե այս պարգևն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ, սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետև Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, և մեր գնահատականը Արմանին իր գործունեությանը, որպես գիտնական և դիվանագետ, որպես մարդ, շարունակվելու է: Եվ ոչ միայն այսօր, ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք գնահատելու, մեր ընկերոջ, մեր գործընկերոջ փայլուն կյանքը»,- ասաց Սարգսյանը։
Շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագիտական ծառայության աշխատակիցներ, պատմաբաններ, Արման Կիրակոսյանի ընկերները:
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: