Հակառակորդի կողմից զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 13։00-13:30-ի սահմաններում, հակառակորդի՝ Հակարիի կամրջի դիմաց տեղակայված մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել ՀՀ սահմանապահ զորամասի զինծառայողների ուղղությամբ։

ՔԿ-ից հայտնում են, որ արդյունքում սահմանապահ վերակարգի ծառայության կրման վայրում ձեռքի և որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ազրոյանը։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Պարզվել է նաև, որ վերոնշյալ զինծառայողին դուրս բերելիս հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով պատռվել է բուժօգնություն ցուցաբերող մեքենայի վարորդ-զինծառայողի զրահաբաճկոնը։ Զինծառայողն ստացել է թեթև քերծվածք, ֆիզիկական ցավ։ Տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո զինծառայողը հետագա բուժօգնության կարիք չի զգացել։

Նշված փաստերի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է 2 առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ: