Բազմաթիվ անճշտություններ ու թերացումներ․ Վահե Ղալումյանի հետհեղափոխական հայտարարագրերի քրոնիկան. FIP

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱԺ պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերիմ Հայկ Ղալումյանի (ՔՊ) և նրա ընտանիքի անդամների՝ վերջին մի քանի տարիների հայտարարագրերը։ Արդյունքում մի շարք անճշտություններ ու անհամապատասխանություններ են վեր հանվել։

Ըստ Ղալումյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ պատգամավորը և նրա ընտանիքի անդամներն իրենց հայտարարագրերի մի մասը կամ ոչ ճիշտ են լրացնում, կամ թաքցնում են որոշ էական տվյալներ։

Վահե Ղալումյանը հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի հունիսի 1-ին, նշանակվել է Տավուշի մարզպետ։

Պաշտոնն ստանձնելուց 29 օր անց նա իրեն պատկանող «Վահե և Վահան Ղալումյաններ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցել է հորը՝ Վոլոդյա Ղալումյանին։

Հաջորդ օրը պաշտոնի ստանձնման հայտարարագրում տեսնում ենք, որ այդ պահի դրությամբ Ղալումյանն ունեցել է 4 կտոր հողամաս, մեկ բնակելի տուն, երկու բեռնատար՝ KRAZ 256 և GAZ 3302։ Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա, ըստ հայտարարագրի, Ղալումյանը որևէ տեղ չի աշխատել, աշխատավարձ չի ստացել։ Միակ եկամուտը որպես նվիրատվություն ստացած 150 հազար ռուբլին է։ Չնայած, ինչպես նշեցինք, Ղալումյանը «Վահե և Վահան Ղալումյաններ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն էր ստեղծման օրվանից՝ 2000 թվականից։ Ավելին՝ իր հայտարարագրում Ղալումյանը որևէ կերպ չի հիշատակում ոչ իրեն պատկանող ՍՊԸ-ն, ոչ էլ դրա օտարման/վաճառքի մանրամասները։

Արդեն 2018-ի տարեկան հայտարարագրում տեսնում ենք, որ Ղալումյանը 1.9 մլն դրամով վաճառել է KRAZ 256 բեռնատարը, սակայն տարեկան եկամուտների բաժնում չի նշել ո՛չ դրա վաճառքից ստացված եկամուտը, ո՛չ մինչև պաշտոնը ստանձնելու օրը ստացած 150 հազար ռուբլի նվիրատվությունը։ Ղալումյանի ընտանիքի անդամները ևս չեն հայտարարագրել ոչինչ, բացառությամբ կնոջ՝ Աննա Եգանյանի, որը․ ըստ 2018 թվականի տարեկան հայտարարագրի․ ստացել է ընդամենը ֏660 հազար աշխատավարձ։

2019

Հաջորդ՝ 2019-ի տարեկան հայտարարագրում Ղալումյանը որպես անշարժ գույք ներկայացրել է 4 հողամաս։ Թե ո՞ւր է «անհետացել» նախորդ տարի հայտարարագրված բնակելի տունը՝ հայտնի չէ։ Այդ տարի Ղալումյանը ֏1 մլն-ով վաճառել է նաև մյուս բեռնատարը։

Որպես աշխատավարձ՝ Ղալումյանը հայտարարագրել է Տավուշի մարզպետարանից և ԱԺ-ից ստացած աշխատավարձերը՝ ընդհանուր ֏9․8 մլն։ Հայտարարագրում կրկին բացակայում է բեռնատարի վաճառքից ստացած եկամուտը։

Ղալումյանի կինը հայտարարագրել է700 հազար դրամ աշխատավարձ, իսկ որդիներից մեկը՝ Աշոտ Ղալումյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ հողամաս և Իջևանի Բենտոնիտ կոմբինատից ստացած 800 հազար դրամ աշխատավարձը։ Թե երբ, որքանով ու ինչ միջոցներով է ձեռք բերվել հողամասը՝ հայտարարագրում պաշտպանված է (փակ է)։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փոխանցմամբ՝ Աշոտ Ղալումյանն այս հողամասը ձեռք է բերել 2018 թվականին։ Սակայն այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ այն չէր հայտարարագրվել 2018-ի տարեկան հայտարարագրում։

2020

Հաջորդ՝ 2020 թվականը ևս Ղալումյանների հայտարարագրերում ոչ ամբողջական է ներկայացված։ Ավելի ճիշտ՝ հարցեր են առաջանում որդու՝ Աշոտ Ղալումյանի հայտարարագրի ուսումնասիրությունից։

Ըստ հայտարարագրի՝ Վահե Ղալումյանի գույքի ու եկամուտների տեղաշարժ, որպես այդպիսին, չի եղել։ Պատգամավորը որևէ գույք չի վաճառել և չի գնել, իսկ որպես եկամուտ նշել է ԱԺ-ից ստացած ֏7,8 մլն աշխատավարձը։ Կինը ևս որևէ արտառոց գործարք չի իրականացրել այդ տարի և հայտարարագրել է 816 հազար դրամ աշխատավարձ։ Աննա Եգանյանը հայտարարագրել է նաև երկու վարկ՝ ընդհանուր մոտ 290 հազար դրամ մայր գումարի մնացորդով։

Որդիներից Վլադիմիր Ղալումյանը կրկին ոչինչ չի հայտարարագրել, իսկ Աշոտ Ղալումյանի հայտարարագրում«անհետացել է» նախորդ տարի հայտարարագրված հողամասը, փոխարենը հայտնվել է VAZ ավտոմեքենա, որի համար Աշոտ Ղալումյանը վճարել է ֏5 մլն։

Որպես եկամուտ՝ Աշոտ Ղալումյանը հայտարարագրել է արդեն Արևելյան մաքսատուն-վարչություն, Բագրատաշենի մաքսային կետից ստացած ֏2,3 մլն աշխատավարձը։ Կրտսեր Ղալումյանը հայտարարագրել է նաև 300 հազար դրամ վարկային գծի մայր գումարի մնացորդ։ Ակնհայտ է, որ ո՛չ նախորդ տարվա աշխատավարձով, ո՛չ հաշվետու տարվա աշխատավարձով Աշոտ Ղալումյանը չէր կարող գնել ո՛չ հողամասը, ո՛չ մեքենան։ Եվ կրկին հարցը մնում է բաց․ ի՞նչ միջոցներով է Աշոտ Ղալումյանը ձեռք բերել ավտոմեքենան։

Ի դեպ, դեռևս նախորդ տարվա հունվարին լրատվամիջոցները գրեցին, որ 2018 թվականի հունիսից ՊԵԿ-ում աշխատող Աշոտ Ղալումյանը վերջերս ՊԵԿ նախագահից նկատողություն է ստացել։ Այս տեղեկությունը հաստատել էր նաև Վահե Ղալումյանը։ Սակայն եթե ընդունենք, որ Աշոտ Ղալումյանն առնվազն 2018-ից աշխատում է ՊԵԿ-ում, ապա կստացվի, որ վերջինս 2018-ի հայտարարագրում թաքցրել է աշխատավարձի վերաբերյալ տեղեկությունը, իսկ 2019-ին ներկայացրել է միայն Իջևանի Բենտոնիտ կոմբինատից ստացած 800 հազար դրամ աշխատավարձը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում