Բարձրացված դրույքաչափով կենսաթոշակով թոշակառուները կարող են հոգալ իրենց պարենային նվազագույն կարիքները

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կառավարության նախորդ նիստի ժամանակ կենսաթոշակների բարձրացման մասին կայացրած որոշմամբ արդեն հուլիսի 1-ից քաղաքացիներն ստացել կամ ստանում են բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները, ինչին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը հավաստիացրել է, որ հուլիսի 1-ից քաղաքացիներն արդեն ստացել կամ ստանում են բարձրացված դրույքաչափով կենսաթոշակները։

Կառավարության ղեկավարը թեմայի առնչությամբ նշել է, թե որքան կարևոր նշանակություն ունի կենսաթոշակների բարձրացումը, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մի իրավիճակ է, երբ նվազագույն կենսաթոշակն իր չափով համապատասխանում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ, Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին.

«Այսինքն՝ սա նշանակում է, որ այդ մեթոդաբանությամբ մեր կողմից տրվող թոշակով Հայաստանի Հանրապետության բոլոր թոշակառուներն իրենց պարենային նվազագույն կարիքներն այլևս կարող են հոգալ: Եվ սա առաջին անգամ է մեր երկրի պատմության մեջ, երբ մենք նման համապատասխանություն ունենք, առավել ևս, եթե մեր սիրելի կենսաթոշակառուներն օգտվում են հետվճարի ծրագրից, արդեն ավելի բարձր ցուցանիշ կունենանք: Բայց բանկերի հետ կապված հետևյալ խնդիրը կա. մենք հիմա ահազանգեր ենք ստանում, որ շատ թոշակառուներ անկանխիկ իրականացնում են, ամսվա վերջում տեսնում են, որ հետվճար չեն ստանում: Սրա պատճառը հետևյալն է, որ բանկը որոշել է չմասնակցել այդ ծրագրին, ինչը շատ վատ է: Մենք, իհարկե, պատշաճ ձևով փորձում ենք քաղաքացիներին իրազեկել, որ կարող են իրենց բանկերից ճշտել՝ մասնակցո՞ւմ են ծրագրին, թե՝ ոչ: Եթե չեն մասնակցում, թոշակառուներն իրենց կենսաթոշակի քարտերը կարող են փոխել, տեղափոխվել այլ բանկ, բայց մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու կան բանկեր, որոնք այս ծրագրին չեն մասնակցում»: