Արմեն Գրիգորյանը Սամանթա Փաուրերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում խորացող ճգնաժամի հետևանքները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Արմեն Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սամանթա Փաուերի հետ մտքեր ենք փոխանակել գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և ընդլայնման հեռանկարների շուրջ, ինչի համատեքստում քննարկել ենք համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները՝ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»,- գրել է Գրիգորյանը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից  Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները: