Գոռ Գևորգյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին կմասնակցի «Ապրելու երկիր» կուսակցության թիմի կազմում։ Նա հայտարարություն է տարածել. 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

44-օրյա պատերազմի հետևանքները ոչ միայն գոյաբանական վտանգի առջև են կանգնեցրել Արցախը և արցախայությանը, այլև խարխլել են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ ոտնահարելով պետության սուբյեկտայնությունը և ինքնիշխանությունը:

Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները և Արցախի շուրջ ստեղծված օրհասական վիճակը պայմանավորված են նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտնի հայտարարությանը հաջորդած զարգացումներով, այդ թվում՝ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններով. ընտրությունները ունենում են ոչ միայն արդյունքներ, այլև հետևանքներ:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններն առաջին հերթին քաղաքական են և պետք է պայմանավորեն մեր պետության ռազմավարական ապագան, ինչպես նաև Արցախի հարցում անելիքները:

Ակնհայտ է, որ Երևանի հավաքական անվտանգությունը եղել և մնում է փոխկապակցված Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անձեռնմխելիության և անառիկության հետ:

Հավատարիմ մնալով Հայաստանին և Արցախին ծառայելու գաղափարին և համոզմունքներին՝ որոշել եմ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցել «Ապրելու երկիր» կուսակցության թիմի կազմում»։