Պատրաստ ենք Թուրքիա-Հայաստան հանդիպմանը. Ալեքսանդր Պետրակով

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին «Ենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։

Հարցեր Էդուարդ Սպերցյանին

– Կարելի՞ է ասել, որ սա առանձնահատուկ խաղ է մեզ համար, և ինչպե՞ս եք մոտենում այս հանդիպմանը:

– Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր խաղ է սա մեզ համար: Այս պահին մենք մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ենք: Այս խաղը կարևոր է նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից:

– Արդեն տեսնում ենք աճը Հայաստանի ազգային հավաքականի խաղում: Խմբում էլ բավականին լավ դիրքերում եք: Ի՞նչ արդյունքի եք ձգտում:

– Հավանաբար, դա կտեսնենք արդեն վերջում: Կարող եմ ասել, որ մեզ մնացել է 5 խաղ, և յուրաքանչյուր խաղը եզրափակչի նման է: Եկեք սպասենք խմբային մրցաշարի վերջին և տեսնենք՝ ինչպես կստացվի:

– Հարցս վերաբերում է Ուգոչուկվու Իվուին, որի հետ հաճախ խաղում եք կենտրոնում: Վերջերս նա Ռուսաստանի առաջնություն տեղափոխվեց: Ըստ ձեզ՝ նա ինչ պոտենցիալ ունի, և Ռուսաստանում խաղալը որքանո՞վ կօգնի նրան առաջադիմել:

– Իվուն շատ լավ ֆուտբոլիստ է: Շատ ուրախ եմ, որ նա տեղափոխվել է Ռուսաստանի առաջնություն: Վստահ եմ՝ նա կկարողանա լավ հանդես գալ իր նոր ակումբում: Նրան հաջողություն եմ մաղթում:

– Վերջին տարիներին ավելի շատ ենք տեսնում, որ Ռուսաստանից հայ ֆուտբոլիստներն ավելի շատ են ցանկանում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Արդյոք այդտեղ կա՞ նաև ձեր գործոնը, նրանք հետևում են ձեր օրինակին ու ցանկանում խաղալ մեր հավաքականում:

– Ավելի շատ հույս ունեի, որ խաղի հետ կապված կլինեին հարցերը: Իսկ ընդհանրապես կարող եմ ասել, որ ցանկացած ֆուտբոլիստ ինչպես զգում է, այնպես էլ կատարում է ընտրությունը: Դա ավելի շատ կատարվում է՝ հետևելով սրտին:

– Մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու, և բոլորը երկրպագելու են մրցակցին: Հայ երկրպագուներ ներկա չեն լինելու խաղին: Դա որևէ ճնշում կամ ազդեցություն կունենա՞ ձեր խաղի վրա:

– Ընդհանրապես ֆուտբոլիստները միշտ էլ սիրում են խաղալ լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Հուսով ենք, որ այն փաստը, որ  մարզադաշտը լի է լինելու երկրպագուներով, մեզ վրա մեծ ազդեցություն չի թողնի: Մենք ունենք մեր խաղի պլանը և կփորձենք խաղալ հենց մեր ֆուտբոլը:

Հարցեր Ալեքսանդր Պետրակովին

– Մենք մի քանի ամիս առաջ Թուրքիայի հետ մրցել ենք, որտեղ Դուք 2 տարբեր սխեմաներ կիրառեցիք՝ ելնելով խաղի ընթացքից: Արդյո՞ք հավաքականը պատրաստվել է՝ ելնելով հենց այդ խաղից, թե՞ սա լրիվ այլ խաղ է և պետք չէ հիշել նախորդ հանդիպումը:

– Խաղի ծրագրի կամ տակտիկական սխեմայի վերաբերյալ, բնականաբար, ոչինչ չեմ ասի:

– Կարծու՞մ եք, որ խաղն ընդդեմ Թուրքիայի մեզ համար ամենակարևորն է այս պահին: Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այսօրվա խաղի վերաբերյալ:

– Այո՛, կարծում եմ, որ շատ կարևոր խաղ է մեզ սպասվում: Եթե Թուրքիայի հավաքականը կարողանա հաղթել, ապա 90 տոկոսով կկարողանա լուծել Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալու հարցը: Իսկ այդ պարագայում մենք կբարդացնենք մեր խնդիրը: Կարող եմ մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ասաց Էդուարդ Սպերցյանը, որ մեզ 5 եզրափակիչ է սպասվում:

– Այս անգամ կադրային խնդիրները համեմատաբար քիչ են, փորձառու պաշտպանները վերադարձել են: Եթե նայենք կենտրոնական պաշտպաններին, նրանցից ոչ բոլորն են տարբեր պատճառներով կայուն խաղաժամանակ ստանում իրենց ակումբներում: Արդեն որոշե՞լ եք, թե այդ դիրքում ովքեր են խաղալու:

– Այո՛, որոշել եմ, բայց չեմ ասի:

– Մենք գիտենք, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել հանդիպմանը: Դա կարո՞ղ է վատ ազդել թիմի և խաղի վրա:

-Կարծում եմ, որ շատ մեծ բացասական ազդեցություն չի թողնի: Մենք միմյանց հետ խոսեցինք, շատ լավ բաժանվեցինք: Ես խնդրեցի նրան գնալ և բուժվել: Բարեբախտաբար, հարձակման գծում ունենք խաղացողներ, որոնք կկարողանան փոխարինել Բարսեղյանին  խաղում:

– Խաղի կարևորության մասին խոսեցիք՝ շեշտելով, որ սա որոշիչ հանդիպում է: Խոսեցիք հնարավոր հաղթանակի և հնարավոր պարտության մասին: Հնարավոր է խաղի ընթացքում հաշիվը հավասար լինի: Կարելի՞ է ենթադրել, որ հավասար հաշիվը մեզ չի բավարարելու:

– Եկեք այդ մասին խոսենք խաղից հետո:

– Հարցս վերաբերում է երեք ֆուտբոլիստների, ովքեր վերջին շրջանում վնասվածքների հետ կապված խնդիրներ են ունեցել: Արդյո՞ք նրանք պատրաստ են  խաղին: Խոսքս Անդրե Չալըշըրի, Հովհաննես Հարությունյանի ու Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին է:

– Բոլոր խաղացողներն առողջ են և պատրաստ են հանդիպմանը:

– Թուրքիայի հավաքականում կա՞ ֆուտբոլիստ, ով ըստ Ձեզ յուրահատուկ ուշադրության է արժանի:

– Կարող եմ ասել, որ ձեր հավաքականում շատ լավ խաղացողներ կան: Կառանձնացնեմ երևի Չենգիզ Ունդերին և Հական Չալհանօղլուին: Կարծում եմ, որ նրանք ձեր հավաքականի երկու ամենաուժեղ խաղացողներն են:

– Հայաստանի հավաքականը վերջին 5 տարում, եթե չհաշվենք 11-մետրանոցները, ստանդարտ իրավիճակներից ոչ մի գոլ չի խփել՝ անկյունայիններ և տուգանայիններ: Արդյո՞ք դա անհանգստացնում է Ձեզ:

– Իհարկե մի փոքր անհանգստացնում է, բայց մենք անընդհատ աշխատում ենք ստանդարտների բարելավման ուղղությամբ: Բայց ես կարծում եմ, որ մենք ունենք գոլ՝ խփած ստանդարտից: Կիպրոսի դեմ խաղում անկյունայինը խաղարկեցինք, Ռանոսը հարվածեց և գրավեց դարպասը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում տեղի կունենա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը։