Բաքվից կապ են հաստատել ու սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի. Սամվել Բաբայանի հայտարարությունը

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորել է Արցախի նոր նախագահին և մաղթել, որ անշեղ հավատարմությամբ իրականացնի իր առաջադրած քաղաքական ուժերի նախանշած «կարմիր գծերի» քաղաքականությունը:

«Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի:

Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»։

Համակողմանիորեն գնահատելով ներքին և արտաքին քաղաքական միջավայրը՝ հայտարարում եմ, որ Արցախի ճակատագիրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտարերկրյա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը, որպես քաղաքական հակակշիռ, իմ ղեկավարությամբ շարունակելու է իրացնել իր ներկայացուցչական մանդատը։ Իսկ դեմքերի և դեպքերի օբյեկտիվ գնահատականը ժամանակն է տալու»,- ասվում է Սամվել Բաբայանի հայտարարությունում: