Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա, սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է. ՀՀ վարչապետ

Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ԼՂ-ի հայության ելքը շարունակվում է: Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում ենք միջազգային հանրությանը: ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները միջազգային տարբեր խաղացողների կողմից կարևոր են, բայց եթե դրան չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն»,- նշեց վարչապետը: 

Նա շեշտեց` առանց կոնկրետ գործողությունների և զուտ հայտարարություններով միջազգային տարբեր երկրներ իրենց՝ այս հանցագործությունից պաշտոնապես տարանջատելու հնարավորություն են փորձում ունենալ, որ կարողանան ասել` դե՝ մենք դատապարտել ենք։

«Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական  բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողներին համաձայնվելու ակտեր: Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարությանը, մեր այսօրվա առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված քույրերին և եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները»,- ընդգծեց վարչապետը: