Շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր կնքվեց

Շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր կնքվեց: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետությունում կենսաբազմազանության պահպանությանը, կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացմանը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմանը մասնավորապես, տեխնիկական վերազինմանը, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը, հասարակության մոտ պատասխանատու վերաբերմունքի ու վարքագծի փոփոխմանն ուղղված գործիքակազմերի մշակմանն ու կիրառմանը նպաստելու նպատակով և ընդունելով ու կարևորելով Հայաստանի Հանրապետության էկոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում ընդհանուր նպատակների առկայությունը և փոխհամագործակցության կարևորությունը, ինչպես նաև բնության և մշակութային արժեքների պահպանությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը` ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` ի դեմս տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:

Համագործակցության հիմնական ուղղություններն են`

✅ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, պահպանություն և կառավարում,

✅ կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացում,

✅կենդանական և բուսական աշխարհի պահպանություն,

✅ հակահրդեհային միջոցառումների աջակցություն,

✅բնության և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով էկոզբոսաշրջության կազմակերպում,

✅անհետացող տեսակների պոպուլյացիաների վերականգնում,

✅մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմման միջոցառումների իրականացում,

✅ անազատ և կիսաազատ պայմաններում ապօրինի պահվող, բնության մեջ ապրող վայրի կենդանատեսակներին սպառնացող միջադեպերից փրկելու նպատակով կարանտինային տարածք տեղափոխելու, բուժման և հնարավորության դեպքում վայրի բնություն բաց թողնելու աշխատանքների իրականացում,

✅էկոլոգիական կրթություն, փորձի փոխանակում և մասնագետների վերապատրաստում և Կողմերի գործառույթներից և հետաքրքրություններից բխող այլ միջոցառումների իրականացում։

Շնորհավորելով գործընկերներին հուշագրի կնքման առթիվ, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը բարձր է գնահատել կազմակերպության հսկայական ներդրումները բնության պահպանության ոլորտում, կարևորել դրա ներուժն ու հնարավորությունների շրջանակը: Նախարարի տեղակալն անդրադարձել է կազմակերպության հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությանը և նշել, որ սույն հուշագիրը էլ ավելի հիմնավոր է դարձնում առկա փոխգործակցությունը:

Խոսելով հուշագրի մասին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի նշել է, որ դրան նախորդել են երկարատև աշխատանքներ ու խորքային ուսումնասիրություններ:

Ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը և ներկայացրել հուշագրի նպատակները:

Հուշագրի կնքման արարողությունից հետո միջոցառման հյուրերի համար շրջայց է կազմակերպվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարանում:

Թանգարանում ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան:

Ներկայացված են նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով»: