Ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կառավարությունը հաստատել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման փոփոխությունները:

Արդյունքում` ներարգանդային սերմնավորման միջոցով բուժօգնության իրավունքից օգտվող` անպտղություն չունեցող անզավակ կանանց տարիքային միջակայքը 36-42 տարեկանի փոխարեն սահմանվել է 28-42 տարեկանը:

Հիշեցնենք, որ տարեսկզբին ծրագրի ընդլայնմամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվում են նաև`

20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ:

սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող զույգերին, որոնցից կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է, կտրամադրվի ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն: