Երևան քաղաքը կունենա թարմացված գլխավոր հատակագիծ

Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներ: Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում առկա պահանջներին:

Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ:

«Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր հատակագիծը երևանցիների համար բարենապաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված:

Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքագրվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք` նախագիծը կյանքի կոչելու համար: Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի դինամիկ ու համաչափ զարգացումը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: