Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում հաղթող է ճանաչվել Շողակաթ Վարդանյանի ֆիլմը

Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում հաղթող է ճանաչվել Շողակաթ Վարդանյանի ֆիլմը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կինոգործիչների միության հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնը՝ Ամստերդամի միջազգային փաստավավերագրական փառատոնը (IDFA) «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել մեր գործընկերոջ՝ ՇՈՂԱԿԱԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, 44-օրյա պատերազմի անձնական ողբերգությունից ծնված «1489» դեբյուտային ֆիլմը և շնորհել գլխավոր մրցանակը:

ՇՈՂԱԿԱԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ֆիլմն արժանացել է նաև FIPRESCI-ի մրցանակին:

Սա աննախադեպ հաջողություն է հայ կինոյի պատմության մեջ, որը ռեժիսորի՝ ՇՈՂԱԿԱԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ համար կյանքի պատմություն է, տառապանքի պատմություն, իրական ապրածի ու իրական զգացածի պատմություն, որը մեծագույն ջանքով, մարդկային մեծագույն կամքով վերածվել է կինոյի, որին փառատոնի ժյուրին արձագանքել է այս կերպ. «Ֆիլմ, որը հանդես է գալիս որպես թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում հսկայական վշտի թաքնված ներքին լանդշաֆտը և ստեղծում է շոշափելի ներկայություն անտանելի բացակայությունից: Կինոն որպես գոյատևման գործիք՝ թույլ է տալիս բոլորիս տեսնել այն, ինչ մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, ի վերջո, այն կինոյի անմոռանալի օրինակ է՝ որպես սիրո ակտ»: