Հայաստանի նախագահը Իրաքի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ համատեղ մամուլի ճեպազրույցի ժամանակ։

«Շեշտեցինք տարածաշրջանային անվտանգության մթնոլորտի շուրջ երկխոսության, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների և դրանից բխող մարտահրավերների պայմաններում երկու երկրների ջանքերի համադրման անհրաժեշտությունը։ 

Իմ հարգարժան գործընկերոջը ներկայացրեցի Հայաստանի կողմից առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը միտված է Հայաստանը դարձնել Հյուսիսից Հարավ և Արևմուտքից Արևելք ձգվող առկա և ապագա կապուղիների տարածման կենտրոն, որը ենթադրում է բոլոր հարևանների հետ բնականոն կապերի վերականգնումը։ Հայեցակարգի իրացումը հնարավորություն կտա տարանցում ապահովել նաև մի կողմից Միջին Արևելք և Ասիայի, մյուս կողմից՝ եվրոպական և եվրասիական շուկաների միջև։

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ՝ հարգելով ինքնիշխանությունը, իրավասությունը և իրավահավասարության և փոխադարձության սկզբունքները, և պատրաստ է այն իրականացնել որքան հնարավոր է շուտ, ինչն իր հերթին կապահովի տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը»,- ընդգծեց Խաչատուրյանը։

Նախագահի խոսքով՝ Իրաքի նախագահի հետ հանդիպմանը կարևորվեց նաև միջազգային ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարի շրջանակներում համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև անօրինական միգրացիայի հակազդեցության ուղղված համատեղ ջանքերի գործադրումը։