Դատարանն Ավետիք Չալաբյանին դատապարտեց 1 տարի 11 ամիս ժամկետով ազատության սահմանափակման. Factor

Երևանի քրեական դատարանն այսօր` նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, վերագրվող արարքում մեղավոր է ճանաչել հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին և որոշել նրան դատապարտել ազատության սահմանափակման 1 տարի, 11 ամիս ժամկետով: Չալաբյանին արգելվում է կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, բացի այդ` Չալաբյանը չի կարող առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի թույլտվության փոխել բնակության վայրը։

Այս մասին Factor.am-ին ասաց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ: 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ըստ մեղադրանքի` ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար: Գործով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին:

Չալաբյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Չալաբյանի նկատմամբ հետապնդում է հարուցվել, քանի որ նա քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցում:

Պաշտպան Վարազդատ Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք բողոքարկելու են դատարանի դատական ակտը: